Անդրկովկասում իրավիճակը ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Զախարովան հիշեցրել է Մոսկվայում ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի, ինչպես նաև ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև հուլիսին տեղի ունեցած հանդիպումների մասին: Նա հավելել է, որ մշտական կապի մեջ են նաև նշված երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, սահմանապահ ծառայությունները և դեսպանությունները:
Զախարովան նշել է, որ որոշ հարցերի քննարկումների մանրամասները հանրությանը հասանելի չեն դառնում, քանի որ դա կարող է խանգարել կայուն արդյունքի հասնելու գործընթացին:
«Կցանկանայի ընդգծել առճակատային կամ հատկապես՝ ռազմատենչ հռետորաբանության հակաարդյունավետությունը, որին երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչները: Դա հարվածում է, ցավոք, ուղղակիորեն մեկ կետի և վնասում է գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն: Իսկ թե ինչին է ուղղված արդյունքը, նշված է իմ կողմից հիշատակված համաձայնագրերում», – ասել է Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է նաև, որ Երևանը և Բաքուն բարձր են գնահատում ռուս խաղաղապահների կայունացնող դերը: Զախարովայի խոսքով՝ խաղաղապահների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը զգալիորեն բարելավվել է:



