Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ինքապարգևատրման մասին օրերս հրապարակում արեց «Հետք» պարբերականը, սակայն մարզպետը այն որակեց ապատեղեկատվություն այն դեպքում, երբ դա ապացուցող փաստաթուղը լրատվականին տրամադրել էին մարզպետարանից:
Ի պատասխան մարզպետի՝ հրապարակումը հերքող գրառման՝ «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը նույն գրառման տակ տեղադրել էր ապրիլի 12-ով թվագրված պարգևատրման կարգադրությունը և խնդրել բացատրել, թե այդ դեպքում դա ինչ է նշանակում։ Ի պատասխան՝ մարզպետը վիրավորել էր լրագրողին՝ գրելով. «Հարգելիս, դա նախորդ պարգևատրումն է՝ մարտ ամսվա, ի՞նչ կա չհասկանալու։ Ձեր ակտիվությունը ես պայմանավորում էի գարնան գալով, բայց հիմա ամառ է: Ես հասկանում եմ, որ ինձնով եք ապրում, ձեր ամբողջ օրը ինձնով եք լցնում, բայց ամեն ինչ սահմաններ ունի»:
Նարինե Ավետիսյանը, մարզպետի վարքագիծը գնահատելով որպես պետական պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ, որոշել է դիմել Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով.«Դիմելու գործընթացն այսօր կավարտվի»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Նարինե Ավետիսյանը:
Լրագրողից հետարքրվեցինք՝ Անդրեյ Ղուկասյանը փորձե՞լ է թեկուզ անձնական կապերի կիրառմամբ զրուցել կամ ներողություն խնդրել լրագրողից, ինչին ի պատասխան՝ Նարինե Ավետիսյանն ասաց. «Որևէ գործողություն իր կողմից չի կատարվել, ավելին՝ ինչ-որ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ փորձելով լղոզել իր կողմից կատարածը: Ես վստահ էի, որ ինքը դա չի անի: 2016թ.-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հետ էլի խնդիր առաջացել էր, այն ժամանակ ինքը մարզպետ չէր, «Ֆեյսբուք»-ում արգելափակել էի, հետո ավելի ուշ հանեցի սև ցուցակից: Այսինքն՝ որպես մարզպետ էլ ինքն իրեն չի զսպել, իր բառապաշարի համար ինքը միշտ խնդիրներ ունեցել է»:
Մեր հարցին՝ այդ դեպքում հնավարո՞ր է՝ մարզպետը կոնկերտ լրագրողին է թիրախավորել՝ նախկինում ունեցած միջանձնային խնդիրների պատճառով, «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը պատասխանեց.«Ինքն ընդհանրապես լրագրողների հետ լավ հարաբերույուններ չունի: Երբ նոր էր նշանակվել մարզպետի պաշտոնում, մենք սովորական լուսաբանում էինք նաև մարզպետարանի աշխատանքը, ցանկացած ինֆորմացիայի, ցանկացած նյութի տակ ինքը պարտագդիր գրում էր՝ ապատեղեկատվություն: Նույնիսկ եթե այդ նյութը բաղկացած էր միայն սինխրոններից և լրագրողի կողմից ավելացրած որևէ միտք, նախադասություն չկար, միևնույն է, որակում էր ապատեղեկատվություն և սկսում վիճաբանել»:
Ավետիսյանն ընդգծեց՝ շարունակում է պահանջել Անդրեյ Ղուկասյանի հրաժարականը մարզպետի պաշտոնից.«Եվ ոչ միայն այս միջադեպի պատճառով: Ինքը՝ որպես մարզպետ, շատ վատ է աշխատում: Երբ օրեր առաջ ինքն այդ գրառումը կատարեց, այդ նույն պահին Լոռու մարզի Ջրաշեն գյուղը ջրախեղդ էր լինում, և մարզպետարանից որևէ մեկը չի այցելել»:
Լրագրողից հետաքրքրվեցինք նաև՝ կառավարության անդամներից որևէ արձագանք ստացե՞լ է միջադեպի վերաբերյալ.«Առայժմ ոչ մի արձագանք չկա: Նույնիսկ չեն զանգել հետաքրքրվելու: Կառավարության անդամների մի մասը ինձ ծանոթ է անձնապես, բայց չեն հետաքրքրվել, ու, անկեղծ ասած՝ չեմ էլ ասում, որովհետև բազմաթիվ անգամներ, երբ մենք հոդվածներ ենք գրել, քննադատել, նրանց կողմից ադեկվատ արձագանք չի եղել»:
Ի դեպ, նկատենք, որ որոշ ժամանակ առաջ Անդրեյ Ղուկասյանը մարզային լրագրող Կարինե Վանեսյանին դատի էր տվել՝ իրեն վիրավորելու համար:
Մարիամ Սարգսյան



