Պատերազմ լինելու մասին Փաշինյանի հայտարարությ...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին տրամաբանական բան է ասել։ Այս մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստում՝ «Արտաքին հետախուզության գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ եթե առաջիկա ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կսկսվի աղետալի պատերազմ, և հարցրել է. «Արդյո՞ք այս հայտարարությունն ԱՀԾ-ի որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե՞ տեղյակ չեն եղել այդ հայտարարությունից, եթե ոչ՝ արդյո՞ք փորձել են  հասկանալ, թե ինչ հիմքով է նման հայտարարություն արվել, փորձե՞լ են օպերատիվ-հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստն արձանագրելու համար, ո՞րն է այն երկիրը, որ պետք է պատերազմ սկսի մեր դեմ»։

Ի պատասխան՝ Գրիգորյանը փորձել է պարզաբանել կառավարության ղեկավարի խոսքերը։ «Եթե նախընտրական փուլում քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ  խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի  ասածն այս տրամաբանությունն ունի»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Կյուրեղյանը, լսելով Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին, հնչեցրել է իր կարծիքն ու դիտարկումները։ «Փաստվեց, որ ծառայությունը որևէ նման տվյալ չունի, ընդամենը վարչապետի քաղաքական հայտարարություն էր։ Մենք գիտենք, որ հայտարարությունն արվում են այն պահին այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս և դա որևէ տրամաբանական հիմք չունի»,- ընդգծել է պատգամավորը։