Անցկացվել է «Սիլիկոնային սարեր 2021» միջազգայ...

Մատենադարանում կայացել է «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը: Գագաթնաժողովը կոչված է կապ հաստատելու տեխնոլոգիա ստեղծողների և օգտագործողների միջև: Քննարկվել են խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ Արդեն 11 տարին անընդմեջ՝ հեղինակավոր այս մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա–ՄՏՍ–ը։

«Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել տեխնոլոգիական աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից՝ անցկացնելով ուսումնասիրություններ և ճանաչելով հնարավոր առավելությունները։  Ձեր երկիրը ներուժ  ունի՝ կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական ծառայություններ մատուցող, այլև մտավոր սեփականության, ծրագրային ապահովման խոշոր արտահանող և կարևոր լուծումների ստեղծող։ Ես երկար տարիներ աշխատել եմ հայ մասնագետների հետ և արել եմ այսպիսի դիտարկումներ՝ առաջին 5 տարիների ընթացքում նրանք զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները, հաջորդ 5 տարիների ընթացքում իրականացնում են շատ բարդ միջազգային նախագծեր, ինչից հետո արդեն ղեկավարում են այդպիսի նախագծերը։ Հույս ունեմ, որ այժմ հայ մասնագետները ևս մեկ քայլ առաջ կանեն և կսկսեն նոր ուղղություններ սահմանել տեխնոլոգիական շուկայում»,- նշել է Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը:

Գագաթնաժողովի «Սիլիկոնային սարեր» անվանումը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի խոսքով, շատ պարտավորեցնող է: Նախարարը համոզված է, որ իր սարերով հայտնի Հայաստանը հետ չի մնալու «Սիլիկոնյան հովտից»:
ԲՏԱ նախարարը նկատել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական բնագավառի ներկայացուցիչները մեկը մյուսի ետևից նմանատիպ կարևոր միջոցառումներ են կազմակերպում՝ երկրում ձևավորելով շատ յուրօրինակ միջավայր:

Վահագն Խաչատուրյանի կարծիքով՝ Հայաստանն արդեն ապրում է այդ նոր միջավայրում՝ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում:

«Մենք դրա մեջ ենք: Միգուցե շատերս չենք գիտակցում: Միգուցե մտածում ենք՝ այդ ժամանակաշրջանը դեռ պետք է գա: Բայց իրականում մենք այդ դարաշրջանի մեջ ենք և այդ փոփոխությունները մեր առօրյայում զգում ենք: Վերջին 20 տարվա փոփոխությունները բերել են նրան, որ մենք հիմա ավելի ենք գնահատում այն, ինչի մասին վաղուց խոսում էինք: Նկատի ունեմ մեր գիտելիքը, մեր հնարավորությունը, մեր տաղանդը, որը այլ ուղղությամբ էր օգտագործվում տարիներ շարունակ, հիմնականում միտված էր սպառողական հասարակություն ստեղծելուն և ոչ թե ստեղծագործ հասարակություն ունենալուն: Հաջորդ հաջողությունները կախված են բոլորիցս՝ պետություն, հասարակություն և առավել ևս՝ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ», - նշել է նախարարը:

«Տեխնոլոգիաները ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների վրա, և մենք պիտի հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել և զարգացնել ապագայի տեխնոլոգիաները՝ Հայաստանը զարգացնելու համար։ Տեխնոլոգիական կրթությունը հայերի համար պետք է սկսվի դպրոցական տարիքից։ Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որպեսզի որպես մասնագիտություն ընտրեն գիտությունն ու ՏՏ-ն, և համապատասխան կրթություն ստանան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:
Վիվա–ՄՏՍ ընկերությունից մանրամասնում են, որ «SILICON MOUNTAINS 2021-ն իրենից ներկայացնում է բիզնեսի առաջնորդների հանդիպում և բաց քննարկում, որտեղ ընկերությունների ղեկավարները ներկայացնում են իրենց փորձը, ծրագրերը:

«Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», - ընդգծել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով, Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումներն ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ:

«Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում:  SILICON MOUNTAINS-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր ծրագրերի մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով Հայաստանը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր»,- նշել է նա:

Միջոցառման ընթացքում կայացած արարողության շրջանակում շրջանառության մեջ դրվեց «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր»» թեմային նվիրված մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ:

Փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության ֆիլատելիայի բաժնի ղեկավար Շուշան Ալեքսանյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանը, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: «Հայփոստը» շրջանառության մեջ է դնում բացիկը 2021 թվականի նոյեմբերի 19-ին:

Փոստային բացիկի նամականիշի վրա ներկայացված է 2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Սիլիկոնային սարեր» համաժողովից լուսանկար: Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը:
Արդեն երկրորդ անգամ անցկացվող «Սիլիկոնային սարեր» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:

«Սիլիկոնային սարեր» առաջին համաժողովը անցկացվել էր 2019 թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: