
Բալահովիտում գտնվող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում տեղի ունեցան կառույցի 10-ամյակին նվիրված միջազգային ցուցադրական վարժանքներ, ինչպես նաև կայացավ հրշեջ-փրկարարական սարքավորումների ու տեխնոլոգիաների ցուցահանդես։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն ծանոթացավ կենտրոնի նյութատեխնիկական բազային, տեխնոլոգիական հնարավորություններին, ինչպես նաև զրուցեց օպերատիվ կառավարման բաժնի անձնակազմի և փրկարար ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
Շրջայցից և ցուցադրական վարժանքներին հետևելուց հետո Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն զրուցեցին լրագրողների հետ։
«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բոլոր տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներով, ուստի հնարավորություններն իսկապես բարձր մակարդակի են։ Հայաստանում այս կենտրոնի շնորհիվ բարձրանում է նախևառաջ փրկարարների որակավորումը։ Կադրային ռեսուրսի ընդունումից հետո իրականացվում է պլանային ուսուցում։ Դասընթացների մի մասն անցկացվում է տվյալ կենտրոնում։ Այստեղից դուրս են գալիս փորձառու մասնագետներ»,- ասաց Ցուցուլյանը։
ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն իր հերթին նշեց, որ կենտրոնի գործունեության տասնամյակը, գուցե, երկար ժամանակահատված չէ, բայց եթե աշխատանքները գնահատվեն փրկված կյանքերի քանակով, ցուցաբերված հումանիտար օգնությունների ծավալով և մասնագիտական կադրերի պատրաստմամբ, ապա կենտրոնի գործունեությունն իսկապես տպավորիչ է։
«Մենք Երևանում անցկացրեցինք միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկեցինք գլոբալ հարցեր, իսկ այսօր ականատես եղանք գործնական վարժանքներին, որոնք ներառում էին վթարային իրավիճակներում փրկարարական և հրդեհաշիջման գործողություններ։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը մեզ ուրախացրեց բարձրորակ կադրեր պատրաստող իր նյութատեխնիկական բազայով, որն իսկապես բացառիկ է Հայաստանում։ Այստեղ փրկարարները թրծվում են և ընդգրկվում բոլոր անհրաժեշտ միջոցառումներում, որոնք կապված են արտակարգ իրավիճակների ռիսկերի հետ։ Շատ լավ է, որ մենք ունենք համագործակցության մեծ տիրույթ և կարող ենք զարգացնել փոխգործակցությունը՝ հանուն մարդկանց կյանքերի փրկության»,- ասաց ՌԴ ԱԻ նախարարի տեղակալը։
Հատկանշական է, որ ցուցադրական վարժանքներին Հայաստանի և Ռուսաստանի հրշեջ-փրկարարներից բացի, մասնակցեցին ևս 12 երկրների ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության մեջ։