Հայաստանին մատակարարվել է ռադիոփարոս

Ռուսական աերոնավիգացիոն համակարգերի մշակող և արտադրող «Ազիմուտ» ընկերությունը («Ռոստեխ»-ի մաս) Հայաստանին մատակարարել է ռադիոփարոս, որը կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և եղանակային բարդ պայմաններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ռոստեխ» պետական ​​կորպորացիան։

Սարքավորումը տեղադրված է Սիսիան քաղաքի մոտակայքում։

«Մենք ավարտել ենք Հայաստանում VOR/DME 2700-ի փորձարկումը: Այն թույլ կտա օդանավերին կողմնորոշվել օդային երթուղիներում՝ լեռնային տեղանքում և վատ եղանակային պայմաններում»,- ասվում է «Ազիմուտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովի հայտարարության մեջ։

VOR/DME 2700 ռադիոփարոսը որոշում է օդանավի գտնվելու վայրը: Այն գործում է VHF (շատ բարձր հաճախականությամբ, 30-ից 300 մեգահերց) տիրույթում և կարող է միաժամանակ ուղղորդել մինչև 200 ինքնաթիռ: Սարքավորումը խորհուրդ է տրվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից՝ որպես օդային երթուղիներում կողմնորոշվելու առաջնային միջոց, ինչպես նաև լրացուցիչ միջոց, երբ ինքնաթիռները մոտենում են վայրէջքի: