
ԱՄՆ զինվորականները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են փորձարկել։ Սա երկրորդ փորձարկումն է մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում այն բանից հետո, երբ նախորդ արձակումը երկու անգամ հետաձգվել էր:
Վաշինգտոնը նախօրոք հայտարարել էր փորձարկման մասին։ Այս արտասովոր քայլը, ըստ երեւույթին, ուղղված է Ռուսաստանի հետ լարվածության էսկալացիան կանխելուն, նշում է AFP-ն։
«ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության օդաչուները սեպտեմբերի 7-ին Կալիֆոռնիայում տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից արձակել են Minuteman III բալիստիկ հրթիռը, որը հագեցած է երեք փորձարարական մարտագլխիկներով»,- ասվում է ԱՄՆ ՌՕՈՒ հայտարարության մեջ:
Հակամարտության դեպքում մարտագլխիկները միջուկային կլինեն։
«Այս փորձնական արձակումը սովորական եւ պարբերական գործունեության մաս է, որը նպատակ ունի ցուցադրել, որ Միացյալ Նահանգների միջուկային զսպիչ միջոցներն անվտանգ են, հուսալի եւ արդյունավետ»,- ասվում է հայտարարության մեջ: «Այս թեստը համաշխարհային ընթացիկ իրադարձությունների արդյունք չէ»։
Օգոստոսի 16-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաջողությամբ գործարկել էին Minutemen III բալիստիկ հրթիռը այն բանից հետո, երբ երկու անգամ հետաձգել էին փորձարկումները՝ Ուկրաինայի եւ Թայվանի շուրջ լարվածությունը չսրելու համար:
Minuteman III-ը շահագործվում է 50 տարի եւ ներկայումս միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է ԱՄՆ միջուկային զինանոցում: Հրթիռները տեղակայված են Վայոմինգում, Հյուսիսային Դակոտայում եւ Մոնտանայում գտնվող ԱՄՆ երեք ռազմաբազաներում:
ԱՄՆ զինանոցը ներառում է նաեւ Trident սուզանավերի բալիստիկ հրթիռներ եւ ռազմավարական ռմբակոծիչների միջուկային զենք։