ԱՄՆ զինված ուժերը սպառել են կրիտիկականորեն կա...

ԱՄՆ զինված ուժերը սպառել են կրիտիկականորեն կարևոր հեռահար հրթիռների պաշարները, զինանոցներում հիմնականում մնացել են 450 կիլոմետրից պակաս հեռահարությամբ համակարգեր, նշվել է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ուսումնասիրության մեջ։

Զեկույցում վերլուծվել են նոյեմբերի 3-ի դրությամբ զինված ուժերում զինամթերքի սպառման տվյալները՝ գնահատելու համար, թե Իրանի դեմ հրթիռների կիրառումն ինչպես է ազդում ԱՄՆ պաշտպանունակության վրա համաշխարհային մասշտաբով։

«Մինչև ապրիլի 8-ի հրադադարը տևած 39-օրյա ռազմական գործողությունների և հետագա գործողությունների ընթացքում Միացյալ Նահանգները սպառել է առանցքային զինամթերքի մեկ երրորդից մինչև երկու երրորդը», - նշվել է ուսումնասիրության մեջ։

Տեղեկացվել է, որ թեև Պենտագոնը արտադրողների հետ համաձայնագրեր է կնքել արտադրության տեմպերն արագացնելու վերաբերյալ, իսկ Կոնգրեսը կարող է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, ամերիկյան զինանոցը վերականգնելու համար անհրաժեշտ է արագ գործել, քանի որ պաշարների վրա ներկայիս ծանրաբեռնվածությունը խոցելի կողմեր է առաջացրել։

«Արդյո՞ք Միացյալ Նահանգները բավարար զինամթերք ունի մարտական գործողությունները վերսկսելու համար։ Կարճ պատասխանը՝ այո, Իրանի դեմ։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այստեղ լուրջ մտահոգություններ կան։ Պաշարների վերականգնումը կպահանջի բազմամյա ջանքեր, որոնք դուրս են գալիս ընթացիկ ճգնաժամի շրջանակից», - նշվել է ուսումնասիրության մեջ։

CSIS-ը կազմել է հրթիռների տեսակների ցանկ՝ դրանք բաժանելով ինը կատեգորիայի։ Ինը կատեգորիաներից յոթը պաշարների համալրման հնարավորությունների տեսանկյունից գնահատվել է որպես «բացասական»։

Այս վերլուծության համաձայն՝ Patriot, THAAD և Standard Missile զենիթային հրթիռները ներկայացված են որպես «ինտենսիվորեն օգտագործվող, որոնք փոխարինելու միջոց չկա», ինչը վկայում է պաշարների անմխիթար վիճակի մասին։ Հեռահար հրթիռները, այդ թվում՝ Tomahawk-ը, AGM-158 JASSM-ը և PRSM-ը, բնութագրվում են որպես «լայնորեն օգտագործվող» և կարող են փոխարինվել միայն մասամբ։ Հրթիռների միակ տեսակները, որոնք, ըստ ցանկի, «սցենարների մեծ մասում էական սահմանափակումներ չունեն», կարճ հեռահարության զինամթերքն է, այդ թվում՝ կարճ հեռահարության հրթիռները, «օդ-օդ» դասի հրթիռները, ինչպես նաև ավիառումբերը։

CSIS-ի տվյալներով՝ թեև ԱՄՆ-ը դեռևս ի վիճակի է առկա հրթիռներով խոցել մոտակա թիրախները, հեռահար զինամթերքի պակասը խնդիրներ է ստեղծում օպերատիվ մակարդակում։

«Միացյալ Նահանգները տնօրինում է մեծ քանակությամբ զինամթերք, որն ունի վերը նկարագրված հեռահար համակարգերի պայթյունի հզորությունն ու ճշգրտությունը, սակայն դրա հեռահարությունը 450 կիլոմետրից պակաս է», - նշել են փորձագետները՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը վտանգում է կորցնել բալիստիկ հրթիռների միջոցով մեծ հեռավորությունների վրա իր ռազմական հզորությունը գործադրելու կարողությունը։