Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ ա...

Նախագահի հրամանագրով՝ Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահան Հունանյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- նշված է հրամանագրում: 

Վահան Հունանյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։ Նա կրթությամբ ֆիզիկոս է՝ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա` ստացել եվրոպագետի մագիստրոսի աստիճան։ 2011-2012 թվականներին սովորել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում։

Հունանյանի դիվանագիտական կարիերան սկսվել է 2012 թվականին՝ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունում։ 2013-2017 թվականներին աշխատել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում՝ նախ որպես կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։

2018-2020 թվականներին նա եղել է այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, իսկ 2020-2021 թվականներին՝ Ավինյանի խորհրդականը։ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար։

2023 թվականի մարտին Հունանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից՝ հայտարարելով, որ շարունակելու է դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ համակարգում։ Այժմ ԱԳ նախարարի խորհրդականն է:

Հատկանշական է նաև, որ Հունանյանը 2019 թվականին Վարշավայում Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակով եռամսյա հետազոտական աշխատանք է իրականացրել։ Նա տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուներին։