Նյու Յորքի օկրուգային դատախազը պաշտոնապես մեղադրել է հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանիին բազմամիլիոնանոց կաշառքների գործով, որոնք տրվել են հնդիկ պաշտոնյաներին։
Ինչպես տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին, դատավորը Գաուտամ Ադանիի եւ նրա զարմիկ Սագար Ադանիի ձերբակալման օրդեր է տվել, եւ դատախազները մտադիր են հասնել նրանց ձերբակալմանը ԱՄՆ սահմաններից դուրս։ Ամերիկյան դատախազությունը կարծում է, որ այս գործը կարող է եւ պետք է քննի ամերիկյան դատարանը, քանի որ, քննության տվյալներով, Գաուտամ Ադանին եւ նրա աշխատողները հնդիկ պաշտոնյաներին վճարել են 250 մլն դոլար կաշառք իրենց ընկերության համար շահեկան պայմանագրերի կնքման նպատակով։ Ընկերությունն զբաղվում է «կանաչ» էներգետիկայով, իսկ ներդրումներն այդ ընկերության համար՝ 3 մլրդ դոլարի չափով, նրանք հավաքել են այդ թվում նաեւ ամերիկացի ներդրողներից։ Ընկերությունը խոստացել է բավական եկամտաբեր լինել՝ 20 տարվա ընթացքում 2 մլրդ դոլար, տեղեկացրել է BBC-ն։ Նյու Յորքի Արեւելյան օկրուգի դատախազ Բրիոն Փիսի կարծիքով՝ Ադանին եւ նրա աշխատողները խաբել են ամերիկացի ներդրողներին՝ հռչակելով, որ իրենց ձեռնարկությունը կոռուպցիայով չի զբաղվում, եւ հենց դա է խարդախության մեղադրանքի էությունը։
«Մեղադրյալները մշակել են Հնդկաստանի կառավարությունում պաշտոնյաներին կաշառելու բարդ սխեմա, որպեսզի միլիարդ դոլարների պայմանագրեր ստանան [...] եւ ստել են այդ սխեմայի վերաբերյալ, որպեսզի կապիտալ հավաքեն ամերիկացի եւ օտարերկրյա ներդրողներից»,- հայտնել է օկրուգային դատախազ Փիսը՝ հայտարարելով ներկայացված մեղադրանքի մասին։ 62-ամյա Գաուտամ Ադանիի կարողությունը գնահատվում է մոտ 70 մլրդ դոլար։ Ադանին սերտ կապեր ունի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ նրա կառավարության հետ, եւ ընդդիմությունը նրանց մեղադրում է այն բանում, որ շնորհիվ այդ կապերի Ադանիի ընկերությունները շահեկան շատ պայմանագրեր են ստացել։ Կոնցեռնի համար անախորժություններն ԱՄՆ-ում սկսվել են դեռ 2023թ. հունվարին, երբ Hindenburg Research վերլուծաբանական ընկերությունը մեղադրեց նրան արժեթղթերի թողարկման խարդախության մեջ ։ Դատախազությունը հավաստիացնում է, որ սկսել է հետաքննել կոնցեռնի գործունեությունը դեռ 2022թ.։ ԱՄՆ օկրուգային դատախազները նշանակվում են նախագահի կողմից, եւ դատախազ Բրիոն Փիսը նշանակվել է 2021թ. նախագահ Ջո Բայդենի կողմից։ Գաուտամ Ադանին սոցցանցերում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ընտրվելու առիթով եւ խոստացել ԱՄՆ-ում կատարել 10 մլրդ դոլարի ներդրում։