Միացյալ Նահանգները հետաքննություն է անցկացնում Իրանի հարավում գտնվող Մինաբ շրջանի աղջիկների դպրոցին հասցված հարվածի վերաբերյալ։ Այս մասին Պեկինից Ալյասկա ուղևորվող նախագահական ինքնաթիռի բորտում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մի քանի հարցերի հետաքննություն ենք վարում, և սա դրանցից մեկն է»,- պատասխանել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին իրանական իշխանությունները հայտնել էին երկրի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի մասին: Վերջին տվյալներով՝ զոհվել է 175 մարդ՝ հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ: Եվս 95 մարդ վիրավորվել է: Թրամփը հետագայում հարձակման մեջ մեղադրեց Իրանի զինված ուժերին: Հետագայում պարզվեց, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորները ունեն ԱՄՆ զինամթերքի մակնշում:



