ԱՄՆ-ը ահաբեկչության մեղադրանքներ է ներկայացրե...

ԱՄՆ արդարադատության նախարարությունը երեքշաբթի հրապարակել է ահաբեկչության եւ ամերիկացի քաղաքացիների սպանության նպատակով դավադրության կազմակերպման մեղադրանքներ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների դեմ՝ կապված Իսրայելի դեմ 2023թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հետ։

Քրեական բողոքում՝ ուղղված Նյու Յորքի դաշնային դատարանին, ՀԱՄԱՍ-ի ղեկավարները մեղադրվում են ահաբեկչության կազմակերպման, բռնությանն աջակցելու մեջ, որի գագաթնակետը դարձավ հոկտեմբերի 7-ի սպանդը։ ՀԱՄԱՍ կազմակերպությունը ԱՄՆ-ում ահաբեկչական է ճանաչված։

Մեղադրվողներից մեկը ՀԱՄԱՍ-ի ներկայիս ղեկավար Յահյա Սինվարն է եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեն, որն սպանվել է հուլիսին Թեհրանում։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի նախկին ղեկավար Մոհամեդ Դեյֆին (սպանվել է հուլիսին), Դեյֆի նախկին տեղակալ Մարվան Իսային (սպանվել է մարտին), ՀԱՄԱՍ-ի սփյուռքի հետ աշխատանքի գրասենյակի ղեկավար Հալեդ Մաշալին եւ ՀԱՄԱՍ-ի արտասահմանի հետ կապերի կոմիտեի ղեկավար Ալի Բարաքային։

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը ընդգծել է կատարված հանցագործությունների ծանրությունը։ «Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները սպանել են մոտ 1 200 մարդ, այդ թվում ավելի քան 40 ամերիկացի, եւ հափշտակել հարյուրավոր քաղաքացիական անձանց,- ասել է Գարլանդը։- Անցած հանգստյան օրերին մենք իմացանք, որ ՀԱՄԱՍ-ը սպանել է եւս վեց մարդու, որոնց հափշտակել էին եւ պահում էին գերության մեջ մոտ մեկ տարի, ներառյալ 23-ամյա Հերշ Գոլդբերգ-Պոլինին, որն Իսրայելի եւ ԱՄՆ քաղաքացիություն ուներ։

«Մենք կհետաքննենք Հերշի սպանությունը, ինչպես եւ ամերիկացիների յուրաքանչյուր դաժան սպանություն ՀԱՄԱՍ-ի կողմից՝ որպես ահաբեկչության ակտ»,- ավելացրել է նա։