ԱՄՆ-ում ուկրաինացիներից ներգաղթի դիմումներ չե...

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են երկրում ուկրաինացիների եւ Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչների ներգաղթի դիմումների քննարկումը էմիգրացիոն ծրագրերի շրջանակում։ Այդպիսի ծրագրերից է «Միասնություն Ուկրաինայի համար»-ը, որը Թրամփի կողմից դադարեցվել է հունվարի վերջին։ Այդ ծրագրով մոտ 240 հազար ուկրաինացի կարողացել է մուտք գործել ԱՄՆ։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում կատարելով երկու ամերիկացի պաշտոնյաների եւ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության (USCIS) փետրվարի 14-ի ծառայողական գրառմանը։Խոսքը USCIS ներքին հրահանգի մասին է, որում USCIS բարձրաստիճան պաշտոնյա Էնդրյու Դեւիդսոնը կարգադրել է «վարչական դադար» կատարել արդեն Միացյալ Նահանգներ թույլատրված միգրանտների կողմից տրված «[իմիգրացիոն] բոլոր հարցումներում»՝ արտոնությունների («pending benefit requests») վերաբերյալ, որոնք ներկայացվել են նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերի շրջանակում: Այդ արտոնությունները թույլ կտային եկողներին օրինավորապես մնալ ԱՄՆ-ում։Բայդենի ծրագրերը միգրանտներին, այդ թվում՝ ռուսական ագրեսիայից փախչողներին, տրամադրել են աշխատանքի թույլտվություն եւ պաշտպանություն ԱՄՆ-ից արտաքսվելուց, ինչը տեւել է երկու տարի: Շատ ուկրաինացիներ, հայտնվելով Միացյալ Նահանգների տարածքում, դիմել են ներգաղթի այլ արտոնություններ ստանալու համար, նշել են փորձագետները: Սակայն այժմ, ըստ հրահանգի, նման դիմումների քննարկումը կասեցվում է «անորոշ ժամանակով», մինչդեռ պետական ​​պաշտոնյաները զբաղվում են արտոնությունների կիրառման ժամանակ խարդախության դեպքերով, ինչպես նաեւ կատարելագործում են «ազգային եւ հասարակական անվտանգության» ամրապնդման համար անհրաժեշտ ստուգումների ընթացակարգերը։ «Սա փաստացի սառեցնում է միգրանտների՝ այլ իրավական կարգավիճակի անցնելու հնարավորությունը: Այդ ընթացքում նրանք ենթակա կլինեն երկրից հեռացման, եթե կառավարությունը դադարեցնի նրանց կարգավիճակը»,- CBS-ին ասել է ամերիկյան միգրացիոն ծառայության նախկին գլխավոր իրավաբան Լինդեն Մելդեդը: USCIS-ը Թրամփի վարչակազմի կարգադրությամբ այս տարվա հունվարի վերջին կասեցրել է Uniting for Ukraine («Միավորում Ուկրաինայի համար») ծրագիրը: Դրանով Ուկրաինայից փախստականներն իրավունք են ստացել օրինական կերպով ապրել եւ աշխատել ԱՄՆ-ում երկու տարի՝ ստուգում անցած հովանավորի առկայության պայմանով։