ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը չի կարողացել վ...

ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից հասցված հրթիռային հարվածի պատճառով։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը հաջողված ռազմական գործողություն են իրականացրել՝ օկուպացված Յաֆֆայի շրջանում գտնվող Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանը թիրախավորելով «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով», - ասել է հութիների ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարին։ 

Նա ընդգծել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, և օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է։

Եմենի զինված ուժերի խոսնակը նշել է, որ գործողությունը կանխել է «ԱՄՆ ռազմական բեռնատար ինքնաթիռի վայրէջքը օդանավակայանում երկրորդ օրն անընդմեջ»՝ պարզաբանելով, որ իրենց քայլերը ձեռնարկվում են՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ Եմենի կողմից հրթիռի արձակումից հետո օդային տագնապի ազդանշաններ են հնչել մի քանի շրջաններում։ Իսրայելական ուժերը հավելել են, որ իրենք հաջողությամբ որսացել են հրթիռը։

Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչության մայիսի 28-ի հայտարարության մեջ նշվել է, որ հրթիռների արձակման հաճախականությունը մնում է համեմատաբար կայուն՝ միջինում մոտավորապես մեկ հրթիռ յուրաքանչյուր երկու օրը մեկ։ Հարձակման գոտիների հիման վրա պարզ է, որ թիրախավորումը ցրված է ամբողջ երկրով մեկ և կենտրոնացած չէ միայն «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա։