
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չեղարկել է այցելությունն Իսրայել Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնման պատճառով։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Պաշտոնյան, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Վենսը նման որոշում է կայացրել, որպեսզի խուսափի այնպիսի տպավորություն թողնելուց, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է ընդլայնված գործողություն սկսելու որոշմանը. ԱՄՆ-ն պնդում է հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնության անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմն Իսրայելի իշխանություններին տեղեկացրել էր, որ Վենսը Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից հետո, հնարավոր է, մայիսի 20-ին այցելի Իսրայել։
Վենսի այցի հնարավորությունը քննարկվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը չէր մեկնել Իսրայել իր մերձավորարևելյան շրջագայության ժամանակ. սա քննադատության էր արժանացել Իսրայելում:
Ավելի վաղ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին ներկայացրել է Գազայում պահվող պատանդների ազատ արձակման և հրադադարի վերաբերյալ թարմացված առաջարկ և փորձում է ճնշում գործադրել, որ կողմերն ընդունեն այն։
Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 16-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ սկսել է «Գեդեոնի կառքեր» անվամբ խոշոր հարձակում Գազայի հատվածի վրա, որի նպատակն է «գրավել ռազմավարական տարածքներ» ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող անկլավում՝ «պատերազմի բոլոր նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ պատանդներին ազատ արձակելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու նպատակով»։ Մայիսի 19-ի առավոտյան իսրայելական բանակը սկսել է սաստկացնել հարվածները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի վրա։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը կվերահսկի Գազայի բոլոր տարածքները։
«Մեր մարտիկները հիանալի աշխատանք են կատարում Գազայում», - ասել է նա՝ առանց այլ մանրամասներ նշելու։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 339 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 034-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։