ԱՄՆ-ն շուրջ 100 ուղղաթիռ կվաճառի Լեհաստանին

 Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության որոշումը՝ Վարշավային ամերիկյան 96 AH-64E Apache ուղղաթիռների վաճառքը հաստատելու մասին։ Այս մասին  տեղեկանում ենք PAP գործակալությունից։

«Մենք շատ ուրախ ենք, որ Պետքարտուղարությունը համաձայնել է 96 Apache հարվածային ուղղաթիռներ վաճառել Լեհաստանին: Ըստ լեհ զինվորականների՝ սրանք լավագույն հարվածային ուղղաթիռներն են աշխարհում և շատ անգամ ավելի լավն են Caracale-ից», - ասել է նախարարը։

PAP գործակալությունը նշում է, որ Caracale ֆրանսիական ուղղաթիռների գնումից Լեհաստանը հրաժարվել է 2016 թ.-ին:

«96 ուղղաթիռները՝ Abrams տանկերի հետ միասին, որոնց թիվը կհասնի 360-ի, անհաղթահարելի պատնեշ կդառնան և կփակեն Բրեստի դարպասները», - ասել է Բլաշչակը՝ նկատի ունենալով Լեհաստանի և Բելառուսի միջև ձգվող շուրջ 80 կմ երկարությամբ հատվածը։