ԱՄՆ-ն նպաստում է Արցախում էթնիկ զտմանը․ Միրզո...

Օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին (Նյու-Յորքի ժամով), տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Լաչինի միջանցքի արգելափակված լինելու և Արցախում հումանիտար աղետի հարցով։

Անվտանգության խորհրդի նիստից առաջ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագություն էր տարածել, որում ասվում էր, որ Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպոության Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով:

Նիստի օրը, սակայն պարզվեց, որ ԱԽ նախագահող ԱՄՆ-ն ամբողջությամբ այլ օրակարգով է նիստ հրավիրել։

Ըստ այդմ, քննարկվելու է երկու հարց․

  1. Օրակարգի հաստատում
  2. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի նամակը՝ ուղղված Անվտանգության խորհրդի նախագահին (S/2022/688).

 

Նիստից հետո Հայաստանում հնչեցին կարծիքներ, որ ՀՀ ԱԳՆ-ն է սխալ դիմում ներկայացրել, ոմանք վստահ էին, որ նախարարությունը դիտմամբ է նման խառնաշփոթ առաջացրել։

Երեկ Բելգիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանի ԱԳ նախարար Արարատի Միրզոյանի համատեղ ասուլիսի ընթացքում բավական ինտրիգային պատկեր բացվեց։ Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց ԱԽ-ում ԱՄՆ վարքագծի վերաբերյալ, մանսավորապես նախարար Միրզոյանին խնդրեցին մեկնաբանել, թե արդյո՞ք ճիշտ են մամուլում հրապարակված այն լուրերը, ըստ որի ԱՄՆ-ն ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից։

Ի պատասխան լրագրողի այս հարցի, նախարար Միրզոյանը պատասխանել էր․ «Պետք է ասեմ, որ Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստը հրապարակային էր, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև բոլորն աշխարհում հնարավորություն ունեին լսել նիստի մասնակից երկրների դիրքորոշումները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Այն իրավիճակում, երբ աշխարհը տեսնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել ու նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։ Դժվար պատկերացնելի կլինի իմ համար։ Ես կարծում եմ և հույս ունեմ, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հնարավոր բանաձևը կգա հանգուցալուծելու այս իրավիճակը և կողմերին կվերադարձնի բանակցությունների օրակարգին»։


Սկսենք նրանից, որ եթե ԱՄՆ-ն լրագրողի հարցում հիշատակած խնդիրները չառաջացներ ՄԱԿ ԱԽ-ում, ապա նախարար Միրզոյանը կբավարարվեր կարճ հերքող պատասխանով և առաջ կանցներ։ Երկարաշունչ պատասխանը արդեն իսկ հուշում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը ևս կասկածներ ունի ԱՄՆ դիրքորոշման հարցում։ Իսկ տեքստում օգտագործված   «չեմ կարծում», «Դժվար պատկերացնելի», «կարծում եմ և հույս ունեմ» բառակապակցությունները միանշանակ հաստատում են լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, ըստ որի ԱՄՆ-ն ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից։ 

ԱԳ նախարարի խոսքից կարևոր է հատկապես այս հատվածը․ «Այն իրավիճակում, երբ աշխարհը տեսնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել ու նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը»։

Այստեղից ստացվում է, որ կա էթնիկ զտման վտանգ, որին ԱՄՆ մասնակցության մասով նախարարը միայն հույս ունի, որ այդ երկիրը չի մասնակցի։

Արարատ Միրզոյանն, ըստ էության, ասուլիսն օգտագործում է, որպես ճնշման միջոց ԱՄՆ պատկան մարմինների վրա ու ակնարկում, որ Հայաստանը տեղյակ է ընթացող գործընթացներից և անհրաժեշտության դեպքում հանրությանը կտեղեկացնեն, որ հենց ԱՄՆ-ն է տապալում Արցախին այս ծանր վիճակից հանելու հնարավոր լուծումը,  որին կարող է հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ն։

Փաստորեն ԱՄՆ-ն ՄԱԿ-ում Ադրբեջանի փաստաբանի դերն է ստանձնել ու այնքան էական խնդիրներ է ստեղծում, լինելով ԱԽ մշտական անդամ, որ անգամ  Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է ստիպված ոչ ուղիղ կերպով խոսել դրա մասին։ Սա բոլոր նրանց համար, ովքեր հույս ունեն, թե ԱՄՆ-ն ցանկություն ունի Հայաստանն ու Արցախը փրկելու։