Հռոմում G20-ի գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգները մտադիր են էներգառեսուրսների սպառող եւ մատակարար պետությունների հետ քննարկել համաշխարհային էներգետիկ շուկաներում առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության հարցը, սակայն այդ քննարկումներից քանակական արդյունք պետք չէ սպասել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը G20-ի գագաթնաժողովի առաջին օրվան նվիրված լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարեւոր է, որպեսզի համաշխարհային էներգետիկ շուկաներում առաջարկը համապատասխանի համաշխարհային պահանջարկին: Էներգակիրների համաշխարհային շուկաներում պահանջարկը գործնականում վերադարձել է մինչհամաճարակային մակարդակին, իսկ համաշխարհային առաջարկը չի վերադարձել»,- ասել է նա։ Ճեպազրույցի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Մեծ քսանյակի շրջանակներում, իհարկե, կան էներգառեսուրսների մեծ սպառողներ եւ կան նաեւ էներգետիկ ռեսուրսների խոշոր մատակարարներ։ Մենք կցանկանայինք բարձրացնել հարցը եւ ընդգծել, որ կարեւոր է էլ ավելի մեծ հավասարակշռություն եւ կայունություն գտնել ինչպես նավթի, այնպես էլ գազի շուկաներում»,- հավելել է պաշտոնյան։
Ընդ որում, վարչակազմի պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ն չի խորանա ՕՊԵԿ-ի հետ կապված հարցերի մեջ, քանի որ այս խմբի անդամ չէ: Այնուամենայնիվ, նրանք ակնկալում են բարձրացնել էներգակիրների գների հետ կապված հարցեր, քանի որ դրանք մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության վրա։
Ամերիկացի պաշտոնյան նշել է նաեւ, որ հանդիպումների արդյունքներով չպետք է հույս դնել որեւէ «քանակական» արդյունքի վրա։ «Միանշանակ պետք չէ խոսել օրական բարելի, ընթացիկ պահանջարկի կամ ընթացիկ առաջարկի տոկոսի տերմիններով»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ պետությունների ղեկավարների մակարդակով այդպիսի կոնկրետ ցուցանիշներ չեն քննարկվում։ «G20-ի արդյունքը կդառ կոմյունիկեն»,- հավելել է նա։