ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի...

Միացյալ Նահանգները դիտարկում է Իսրայելի պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնք, ըստ Վաշինգտոնի, խախտել են մարդու իրավունքները պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պատժամիջոցների կիրառման դեպքում Իսրայելը չի ​​կարողանա ամերիկյան ռազմական օգնությունը ծախսել այդ ստորաբաժանումների համար զենք գնելու վրա, սակայն այդ նպատակների համար Իսրայելի բյուջեից գումար ծախսելն արգելված չէ։

Ներկայումս ԱՄՆ-ը ստուգում է Հորդանանի Արևմտյան ափին գործող ստորաբաժանումների, հիմնականում ուղղափառ հրեաներից կազմված «Նեցախ Եհուդա» գումարտակի կողմից պաղեստինցիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը: Սակայն պարբերականը չի բացառել, որ ստուգումներ սկսվեն նաև Գազայի հատվածում տեղակայված ստորաբաժանումներում, և ԱՄՆ-ի օրինակին կարող են հետևել արևմտյան մյուս երկրները:

The Times of Israel-ը հայտնում է նաև, որ պատերազմի կաբինետի անդամ Բենի Գանցը խնդրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնիի Բլինքենին պատժամիջոցներ չկիրառել գումարտակի դեմ։ Ըստ Գանցի՝ դա կվնասի Իսրայելի միջազգային լեգիտիմությանը ՀԱՄԱՍ-ի դեմ իր գործողություններում, ինչպես նաև նշել է, որ Միացյալ Նահանգները որևէ հիմք չունի նման քայլի համար:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ խոստացել է դիմակայել երկրի զինված ուժերի դեմ պատժամիջոցներ կիրառելու ցանկացած փորձի։