
ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հրապարակել է հայտարարություն այս առնչությամբ, որը բավականին հետաքրքրական է եւ մտածելու տեղիք է տալիս, քանի որ ուղենշում է հիմնական այն գծերը, որոնց շրջանակում զարգանալու են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները։ Եթե առանձնացնենք այն հիմնական թեզերը, որոնք առկա են Պետսդեպի հայտարարության մեջ, ապա կստանանք հետեւյալ պատկերը․
• Ամերիկան դեռեւս Թուրքիային համարում է կարեւոր գործընկեր
• Ամերիկան հույս ունի, որ Թուրքիային կկարողանա օգտագործել հակաահաբեկչական պայքարում
• Ամերիկայի համար կարեւոր են, որպեսզի Թուրքիայում դեմոկրատական ինստիտուտները կենսագործեն եւ զարգանան բնականոն հունով
• Ամերիկան կարեւորում է Թուրքիայում ինկլյուզիվ կառավարումը
• Ամերիկան կարեւորում է Թուրքիայում մարդու իրավունքների հարգումը
• Ամերիկայի համար առանցքային խնդիր է ռուսական Ս-400 համակարգերի առկայությունը Թուրքիայի ԶՈՒ-երում։
Ըստ էության, Ամերիկայի քաղաքական վերնախավում, կամ գոնե այն հատվածում, որի կուրացիայի ներքո է գտնվում արտաքին քաղաքականությունը, դեռեւս ամբողջովին հույսը չեն կորցրել, որ Թուրքիան իրենց համար անդառնալիորեն կորսված է։ Ասել է, թե՝ հնարավոր է, որ Թուրքիային տարբեր եղանակներով փորձեն դուրս բերել ռուսների գրկից։ Ընդ որում, եղանակները, մեթոդները կարող են լինել շատ տարբեր, ներառյալ նաեւ՝ «առանց Էրդողանի Թուրքիա» մոդելի իրականացմամբ։
Պարզ է, որ Թուրքիայում հասկանում են սա։ Հասկանում են նաեւ, որ չունեն այն ռեսուրսը, որով կկարողանան շարունակել ինքնագլխությունը։ Իհարկե, հիմա Էրդողանը փորձում է «նոր տնտեսական հեղափոխության», պանթուրքիզմի եւ այլ լոզունգներով կերակրել իր ժողովրդին, սակայն այն, որ մեկ դոլարը բարելավել է իր դիրքերը վերջին վեց ամսում առաջին անգամ, դեռ չի նշանակում, թե թուրքական տնտեսության գլխին կուտակված ամպերը հեռացել են։
Ընդհակառակը։ Այն, որ ԱՄՆ Սենատի 100 սենատորներից 54-ը, ընդ որում՝ եւ դեմոկրատ եւ հանրապետական, ստորագրել են ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին հասցեագրված նամակի տակ, որով հորդորել են Թուրքիայի վրա ճնշումներ գործադրել
1. Մարդու իրավունքների խախտումների եւ
2. Ռազմատենչ եւ մարտական արտաքին քաղաքականության համար, արդեն իսկ Էրդողանի այն հույսերը, որ կարող է «նոր տնտեսական հեղափոխությամբ» ինչ որ բան փոխել թուրքական տնտեսության մեջ դրական առումով, չափազանց քիչ հավանականություն ունի։
Պետդեպի հայտարարությունում իհարկե կա մարդու իրավունքների հարգման, դեմոկրատական ինստիտուտների մասին դրույթ, ինչը բնական է, քանի որ դեմոկրատական վարչակարգերը ավանդաբար մեծ ուշադրություն են հատկացնում արտաքին քաղաքականության մեջ այս երկու հանգամանքներին։ Սակայն շատ ավելի կարեւոր է այն, որ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բերանով խոսում է այն մասին, որ Թուրքիայում պետք է լինի ինկլյուզիվ կառավարում․ ընդ որում, դա ոչ միայն պետք է լինի, այլ պետք է զարգանա։
Առաջին հայացքից բավականին «խուճուճ» այս տերմինը բացատրվում է հետեւյալ կերպ․ ինկլյուզիվ կառավարումը դա պետության կառավարիչների պրակտիկ մի մոդել է, որը նպաստում է որպեսզի խնդիրների լուծման, որոշումների կայացման պրոցեսում ներառվեն եւ պետական ծառայողները եւ հասարակական գործիչները եւ փորձագետները եւ հանրային սեկտորը ընդհանրապես։ Ընդ որում, ինկլյուզիվ կառավարման մոդելի պարագայում, պետության կառավարիչները կենտրոնանում են կառավարմանը, քաղաքական պրոցեսներին հանրային մասնակցության աճի վրա։ Սա նշանակում է, որ փաստացի կերպով ԱՄՆ թիվ մեկ դիվանագետը արձանագրել է, որ Թուրքիայում գրեթե բռնապետական ռեժիմ է գործում, որը պետք է փոխվի եւ պետք է լինի կառավարման մի մոդել, որտեղ բոլորը պետք է ներգրավված լինեն քաղաքական պրոցեսներին․ օրինակ, որ ընդդիմությունը չպետք է ենթարկվի բռնաճնշումների ու հալածանքների, քուրդ գործիչները չպետք է ձերբակալվեն եւ այլն։
Սա ինչ խոսք, հետաքրքիր է եւ ուշագրավ, հատկապես, որ ի սկզբանե էլ հայտնի էր, որ Բայդենի վարչակարգի օրոք Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները Թրամփի ժամանակների «դրախտային» ժամանակները էլ չեն լինի։