ԱՄՆ-ն ևս 300 զինվորականի կտեղակայի Կենտրոնակա...

Միացյալ Նահանգներից լրացուցիչ 300 զինվորական կմեկնի ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գործողությունների շրջան։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

Նա լրագրողների հայտնել է, որ այդ զորքերը կհամալրեն արդեն տարածաշրջանում գտնվող զորքերի կազմը և չեն մեկնի Իսրայել։

«Նրանց նպատակն է աջակցել տարածաշրջանում զսպման ջանքերին և է՛լ ավելի ուժեղացնել ԱՄՆ զինված ուժերի պաշտպանական կարողությունները», - ասել է նա լրագրողներին։

Պաշտոնյան նաև նշել է, որ Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերը պաղեստինաիսրայելական վերջին հակամարտության ընթացքում մի քանի հարձակման են ենթարկվել Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի կողմից։ Ըստ Ռայդերի, ընդհանուր առմամբ, եղել է 27 հարձակում՝ 16-ը՝ Իրաքում, 11-ը՝ Սիրիայում։ Հարձակումների հետևանքով տուժածներ չկան։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սենատի հատկացումների հանձնաժողովին դիմել է լրացուցիչ բյուջե հատկացնելու հարցով, որը պետք է ծառայի երկրի ազգային անվտանգության կարիքների ֆինանսավորմանը, գործընկերներին աջակցությանը և պաշտպանական արդյունաբերությունում ներդրումներին։

Պենտագոնի խոսնակը նշել է, որ գերատեսչությունը խնդրում է 10,6 միլիարդ դոլար՝ օգնելու Իսրայելին պաշտպանել իրեն, 44,4 միլիարդ դոլար՝ օգնելու Ուկրաինային շարունակել իր պաշտպանությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում, ինչպես նաև 3,3 միլիարդ դոլար՝ ԱՄՆ ռազմական պահանջները բավարարելու համար։