
ԱՄՆ-ն 253 միլիոն դոլար կծախսի Մեծ Բրիտանիայում երկու ռազմական օբյեկտի կառուցման համար՝ ամերիկյան միջուկային զենքի հնարավոր վերադարձի պատճառով: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ուսումնասիրելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի բյուջետային փաստաթղթերը։
Դրանցից հետևում է, որ Լեյքենհիթ ավիաբազայում նախատեսում են կառուցել գլխավոր հրամանատարական կետ՝ 104 միլիոն դոլար արժողությամբ։ Այն կփոխարինի 1979 թվականին կառուցված օբյեկտին։ Բացի այդ, կկառուցեն Defender Operations Compound պահպանական համալիրը՝ 149 միլիոն դոլարով։ Երկու նախագծերն էլ մտնում են Surety առաքելության կազմի մեջ, որն ուղղված է միջուկային զենքի օգտագործման ժամանակ անվտանգության, վերահսկողության և պատրաստվածության ապահովմանը։
Հրամանատարական կետը կներառի արձագանքման, կապի և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոններ, ինչպես նաև էլեկտրամագնիսական ներգործություններից պաշտպանություն։ Երկրորդ օբյեկտում կտեղակայվեն զինանոց, պահեստ, պահպանության հարկաբաժին և 22 արագ արձագանքման ավտոմեքենաների հավաքակազմ։ Պահպանության հաստիքակազմը կավելացնեն 221-ով՝ հասցնելով մինչև 575 աշխատողի: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2031 թվականը։
Մեծ Բրիտանիայում միջուկային օբյեկտներն արդիականացվում են Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին: Հուլիսի 21-ին UK Defence Journal պարբերականը հաղորդել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը 17 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենք են տեղակայել Լեյքենհիթ ռազմակայանում: Աղբյուրների տվյալներով՝ նրանք տեղափոխել են B61-12 ջերմամիջուկային ռումբեր:
Միացյալ Նահանգները միջուկային զենք է տեղակայել Լեյքենհիթում սառը պատերազմի ժամանակներում: 2008 թվականին տեղի է ունեցել դրա վերջին դուրսբերումը, որի մասին հայտնի է: Դա կապված էր Եվրոպայում սպառազինությունների կրճատման հետ: Մինչ այդ այնտեղ պահվում էր 110 միջուկային ռումբ: