
ԱՄՆ-ն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանում. Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ն երկրում ներդրել է մոտ 2 միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է The Washington Times-ը։
Համաձայն տեքստի՝ «Ավելի քան 70 ամերիկյան ընկերություններ, այդ թվում՝ Սիլիկոնային հովտի Synopsys ընկերությունը, որն ավելի քան 1000 ինժեներ ունի Հայաստանում, աշխատում են տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը և ենթակառուցվածքները։ Հայաստանում է գտնվում նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ խոշոր օտարերկրյա ներդրումային նախագիծ, որն արտացոլում է ԱՄՆ-ի շահերը Հայաստանի հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։
Ադրբեջանում ամերիկյան նավթային հսկաները, ինչպիսիք են Exxon Mobil-ը, Chevron-ը և ConocoPhillips-ը, խոշոր ներդրումներ են կատարել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի կառուցման մեջ, որը կասպիական նավթը տեղափոխում է Եվրոպա։
Ադրբեջանի նշանակությունը դուրս է գալիս էներգետիկ ոլորտի շրջանակներից։ Այն կարևորագույն դեր է խաղում ՆԱՏՕ-ի լոգիստիկայում և Վաշինգտոնը TRIPP միջանցքը դիտարկում է որպես Ռուսաստանի և Իրանի անցակետերը շրջանցելու միջոց՝ ամրապնդելով ԱՄՆ-ի տնտեսական և ռազմավարական կապերը տարածաշրջանի հետ։
Զանգեզուրի միջանցքը նաև ուժեղացնում է Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում և ընդլայնում է նրա ներկայությունը Կենտրոնական Ասիայում։
Թուրքիան ավելի շահեկան դիրքեր է գրավում տարածաշրջանում իր աճող ազդեցությունը կառավարելու համար՝ շնորհիվ ԱՄՆ-ի միջնորդության։
Բաքվի համար TRIPP միջանցքը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև էներգետիկ նշանակություն ունի։ Կասպիական նավթն ու գազը Եվրոպային միացնելով՝ այն այլընտրանք է Ռուսաստանի կողմից վերահսկվող երթուղիների համար, որը նվազեցնում է Մոսկվայից Եվրոպայի կախվածությունը։
Թեհրանը TRIPP միջանցքը համարում է իր տարածաշրջանային գերիշխանությանը սպառնացող ուղիղ մարտահրավեր։
Մոսկվան, որը անակնկալի է եկել ԱՄՆ-ի և Թուրքիայի քայլերից, շարունակում է զգուշավոր լինել։ Գործարքը դեռևս պահանջում է հետագա իրավական և քաղաքական քայլեր, բայց եթե այն սահուն իրականացվի, ապա այն կարող է վերաձևավորել առևտուրը, էներգետիկան և դաշինքները ամբողջ Եվրասիայում», — գրում է The Washington Times-ը։