ԱՄՆ միջազգային օգնության կրճատումը բացասաբար...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան միջազգային օգնությունը կրճատելու որոշումը բացասական հետեւանքների է հանգեցրել Ժնեւի համար, որտեղ տեղակայված են 38 միջազգային կազմակերպություններ, գրել է Bloomberg-ը։ Նրա գնահատականներով՝ ԱՄՆ ֆինանսավորման կրճատումն արդեն զգացվում է քաղաքում տեղակայված խոշոր միջազգային կառույցների մակարդակով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արդեն փնտրում է այլընտրանքային ֆինանսական դոնորներ, իսկ քաղաքային իշխանություններն առաջարկել են տեղական բյուջեից մոտ 11 մլն դոլար հատկացնել՝ Վաշինգտոնի աջակցությունը կորցրած ոչ առեւտրային կազմակերպությունների կորուստները փոխհատուցելու համար։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւ ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարել են աշխատատեղերի կրճատման մասին։ Այսպիսով, Վաշինգտոնի որոշումները կարող են հանգեցնել Ժնեւի դերի զգալի թուլացման՝ որպես միջազգային դիվանագիտության կարեւոր կենտրոնի, նշել է գործակալությունը։ Հունվարի 21-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՀԿ-ից ԱՄՆ դուրս գալու մասին՝ որոշումը հիմնավորելով այլ երկրների համեմատ անհամաչափ բարձր ներդրումներով։ Փետրվարի 3-ին Սպիտակ տունը փաստացի կասեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը, որը զգալի գումար է հատկացրել միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ԱՀԿ-ին ֆինանսավորելու համար։ Մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նախկինում նշանակվել էր USAID ժամանակավոր ղեկավար, հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը, վեցշաբաթյա ստուգումից հետո, պաշտոնապես դադարեցրել է գործակալության ծրագրերի 83 տոկոսը։ Նրա խոսքով՝ չեղարկված 5,2 հազար պայմանագրերի շրջանակում տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ի շահ ԱՄՆ-ի, իսկ որոշ դեպքերում՝ ի վնաս նրա։