
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ արտաքին քաղաքականությանը դիմակայելը Կանադայում նոր նախընտրական արշավի գլխավոր խնդիրը կլինի։ Այսպիսի գնահատական է տվել կանադական The Globe and Mail թերթը։ Ինչպես նշել է պարբերականը, ապրիլի 28-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաջողությունը կունենա այն քաղաքական ուժը, որն ավելի ունակ լինի պաշտպանել Կանադայի ինքնիշխանությունը եւ նրա տնտեսությունը Թրամփի սկսած «առեւտրային պատերազմում»։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին երկիրը «կանադական ազգայնականության աճ» է գրանցում, եւ այժմ կուսակցությունները կձգտեն այդ տրամադրությունները վերածել իրենց աջակցության ձայների: Պարբերականը նշել է, որ Կանադայի Լիբերալ կուսակցությունը նոր առաջնորդի՝ վարչապետ Մարկ Քարնիի գլխավորությամբ, հիմնականում Թրամփի դեմ կոշտ հռետորաբանության շնորհիվ կարողացավ հավասարվել Պահպանողական կուսակցության ժողովրդականությանը, որը մինչեւ վերջերս 20-25 տոկոսով առաջ էր լիբերալներից։ Երկու կուսակցություններն այժմ ստիպված են մրցակցել առաջին հերթին ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերին արձագանքելու լավագույն ծրագիր ներկայացնելու համար։ Քարնին առանցքային միջոցառումներ է համարում նպատակային ծրագրերի ընդունումը՝ տուրքերից տուժած ձեռնարկություններին եւ առանձին ոլորտներին աջակցելու համար: Պահպանողականները՝ Պիեռ Պուալեւրի գլխավորությամբ, առաջարկում են հարկերի ավելի լայն կրճատում՝ ընդհանուր տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելու համար։ Երրորդ ամենահայտնի՝ Նոր Դեմոկրատական կուսակցությունը, մեղադրում է թե՛ լիբերալներին, թե՛ պահպանողականներին այն բանում, որ նրանց գործողություններն առաջին հերթին կօգնեն կանադական կորպորացիաներին եւ նրանց սեփականատերերին, բայց չեն երաշխավորի աջակցություն կանադացի աշխատողներին: