ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հետաձգվե...
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում, հետաձգվել են և հունիսի 19-ին տեղի չեն ունենա։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ի, Իրանի, Քաթարի և Պակիստանի միջև նախատեսված խորհրդակցությունները հետաձգվել են։ Շվեյցարիան նախկինի պես պատրաստ է աջակցել այդ քննարկումների անցկացմանը։ Համապատասխան նախապատրաստական աշխատանքները շարունակվում են», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Իր հերթին, շվեյցարական Keystone-ATS գործակալությունը մեջբերում է Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչ Նիկոլյա Բիդոյի խոսքերը, որը հայտարարել է, որ Շվեյցարիան նախկինի պես լիովին հավատարիմ է երկխոսությանը նպաստելու իր ջանքերին։
Գործակալությունը չի բացահայտում հանդիպումը չեղարկելու պատճառները, ինչպես նաև տեղեկատվություն չի հաղորդում նոր ամսաթվի մասին։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հանդիսավոր արարողությունը Շվեյցարիայում տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, հանգստյան օրերին։
Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ը և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Իսրայելական կողմը հուշագրի շուրջ բանակցություններին չի մասնակցել։