Ամերիկյան հետախուզությունը հաստատել է, որ Իրա...

Ամերիկյան հետախուզությունը սենատորներին տեղեկացրել է, որ իր նախորդ եզրակացություններն այն մասին, որ Իրանն աշխատանք չի տանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, հաստատվել են: Այս մասին գրում է The Guardian պարբերականը։

«Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորները հայտարարել է, որ հունիսի 16-ին, արդեն Իրանի վրա Իսրայելի հարձակվելուց հետո, սենատորները տեղեկացված են եղել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները դեռևս որևէ ապացույց չեն տեսնում, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել», - ասվում է հրապարակման մեջ։

MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուորներն ասել է, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մարտին Սենատին տեղեկացրել է, որ «Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկում ռումբ ստեղծելու ուղղությամբ»։

«Եվ մենք ստացանք հաստատումը…. Այս շաբաթվա երկուշաբթի օրը (հունիսի 16-ին) հայտնի դարձավ, որ հետախուզական տվյալները չեն փոխվել», - հավելել է սենատորը։

Հրատարակությունը նշում է, որ նախագահ Դոնալդ Թրամփին հունիսի 17-ին հիշեցրել են Գաբարդի ցուցմունքների մասին, ինչին նա պատասխանել է. «Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է նա ասել, կարծում եմ՝ նրանք շատ մոտ են եղել այն բանին, որ դա (միջուկային զենք) ստեղծեն»։ 

Ուորներն այս կապակցությամբ ասել է. «Այդ դեպքում ստացվում է, որ նախագահը, ըստ էության, մերժում է բոլոր հետախուզական տվյալները: Ես նվազագույն պատկերացում չունեմ, թե ինչպիսին է այժմ ԱՄՆ-ի քաղաքականությունն այս ամենի վերաբերյալ: Ես հետախուզության հանձնաժողովի փոխնախագահն եմ, բայց եթե ես նվազագույն պատկերացում չունեմ, ապա ի՞նչ է հայտնի ամերիկյան ժողովրդին»: