Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում:
Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայաստանը և Հնդկաստանը ունեն բազմադարյա բարեկամական հարաբերություններ, իսկ Հնդկաստանում հայ համայնքի պատմությունը հարուստ է բազում գեղեցիկ իրագործումներով ու վկայություններով:
Վեհափառ Հայրապետը նաև իր գոհունակությունը հայտնեց Մայր Աթոռի նկատմամբ դեսպանատան կողմից դրսևորվող ուշադրության, ինչպես նաև Կալկաթայում գործող Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու աշխատակազմից ցուցաբերվող զորակցության համար:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:



