ԱՄԷ իշխանությունները «կտրականապես հերքում են» Սուդանում արագ միջամտության ուժերին զենք մատակարարելու մեղադրանքները, հաղորդում է Politico եվրոպական պարբերականը՝ հղում անելով ԱՄԷ պաշտոնյայի։
Ավելի վաղ Սուդանը Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել էր որպես ագրեսոր պետություն և խզել դիվանագիտական հարաբերությունները՝ Արագ արձագանքման ուժերին աջակցելու պատճառով։ Սուդանցի գեներալ Յասիր ալ-Աթան մեղադրել էր ԱՄԷ-ին՝ Սուդանը Աֆրիկայում հակամարտության կենտրոնի վերածելու փորձերի մեջ՝ բնական ռեսուրսներին հասանելիություն ստանալու նպատակով։ Նա նշել էր, որ ԱՄԷ-ն իբր ֆինանսավորում է Արագ արձագանքման ուժերին և վարձկաններին, մատակարարում է նրանց զենք, ազդեցություն է գործում միջազգային կազմակերպությունների վրա և կաշառում այլ պետությունների ղեկավարների հավատարմությունը։
«Չկան որևէ հաստատումներ այն մասին, որ ԱՄԷ-ն որևէ աջակցություն է ցուցաբերել «Արագ արձագանքման ուժերին» կամ որևէ կերպ ներգրավված է եղել հակամարտության մեջ», - ասել է արաբական էմիրությունների անանուն պաշտոնյան։ Արաբական երկրի ներկայացուցիչը հավելել է, որ «ԱՄԷ-ում գործում է արտահանման վերահսկողության համապարփակ խիստ ռեժիմ՝ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան ձևով, այդ թվում՝ զենքի վերահսկողության վերաբերյալ»։
ԲԵլգիայում և ԵՄ-ում Սուդանի դեսպանը՝ Աբդելբագի Քաբեյրը, իր հերթին «Politico»-ին հայտարարել է, որ ԱՄԷ-ն զենք է մատակարարում աֆրիկյան երկրում քաղաքացիական պատերազմի մասնակիցներին՝ այն գնելով Եվրամիության երկրներից։ Նրա խոսքով, «ԵՄ-ն պետք է բարոյական սկզբունքները դնի առևտրային հաշվեկշռից վեր», քանի որ դրա պատճառով միությունը հայտնվում է «շատ անհարմար իրավիճակում»։ Նա կոչ է արել ԵՄ-ին «օգտագործել դիվանագիտական կշիռը», որպեսզի Էմիրությունները «դադարեցնեն Արագ արձագանքման ուժերին զենքի մատակարարումը»։ Քաբեյրը հույս է հայտնել, որ Եվրամիությունը «որքան հնարավոր է շուտ» կհանի պատժամիջոցները Սուդանի բանակի նկատմամբ, քանի որ դա ճանապարհ կբացեր «ԵՄ-ի հետ ավելի կառուցողական փոխգործակցության համար»։
Եվրահանձնաժողովի խոսնակ Անվար ալ-Անունին Politico-ին ասել է, որ ԵՄ-ն «դիվանագիտական գործիքներ կօգտագործի, այդ թվում՝ սահմանափակող միջոցներ՝ Սուդանում հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար»։



