Ալիեւը որոշել է նահանջել

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, թերեւս 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի լրանալու կապակցությամբ հարցազրույց էր տվել ռուսական «Национальная оборона» պարբերականին, որում անդրադարձել էր 44-օրյա պատերազմի ընթացքին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այդ հայտարարության ստորագրման գործընթացի հետ կապված որոշ մանրամասների, ինչպես նաեւ՝ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած ներդրմանը։

Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ զուտ պատվա-վավերագրական իմաստով նոր բաներ Ալիեւը չասեց, իհարկե եթե չհաշվենք այն, որ հաստատեց այն վարկածը, որ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել զուտ ավելորդ ստորացումից խուսափելու համար, ընդ որում, դա արվել է Վլադիմիր Պուտինի խնդրանքով, քանի որ այս դեպքում ստորացվում էր, ոչ թե մարդը, այլ երկիրը, որն անթույլատրելի է միջազգային կամ միջպետական հարաբերություններում։

Իհարկե, հարցազրույցը կառուցված էր այնպես, որ այն լիովին հասցեագրված էր ռուսական լսարանին եւ միտված է ռուսական լսարանում Ադրբեջանի վարկանիշի բարձրացմանը։ Թերեւս սրա համար էին Ալիեւի կողմից ռեւերանսներ արվում ռուսների հանդեպ, ընդգծվում օրինակ Ադրբեջանում ռուսաց լեզվի ունցած կարեւորությունը կամ շեշտվում ռուս-ադրբեջանական փոխվստահելի դրական հարաբերությունների մասին։ Ուշագրավ էր նաեւ այն, որ Ադրբեջանը նոր սպառազինություններ է ձեռք բերելու Ռուսաստանից եւ այս մասով որոշ պատվերների հայտեր արդեն ներկայացվել են։

Ընդհանուր առմամբ, հարցազրույցը պետք է գնահատել որպես ռուսների ուղղությամբ արվող ինչ որ ժեստ, որը կարեւոր է, թերեւս Բաքվի համար՝ վերջին շրջանում նախ երկկողմ հարաբերություններում, հատկապես Ղարաբաղյան ուղղությամբ նկատվող լարվածության ֆոնին։

Ալիեւն ամենայն հավանականությամբ փորձում է գնալ լարվածության հաղթահարմանը, հասկանալով, որ գեներալ Կոսոբոկովի՝ Ղարաբաղի խաղաղապահների հրամանատարի պաշտոնում նշանակման, խաղաղապահների հետ կապված ադրբեջանական զինուժի որոշ սադրանքների հետեւանքը չի բխելու իր շահերից, եթե չասենք՝ արագացնելու է այսպես կոչված «հաղթանակի էյֆորիայի» հօդս ցնդեցման պրոցեսը։

Ալիեւը բավական խելացի դիվանագետ է եւ հասկանում է, որ անկախ ամեն ինչից չի կարող լարվածություն ունենալ մի երկրի հետ, ում զորքերը գտնվում են մի տարածքում, որը միջազգային իրավունքի տեսակետից իրեն է պատկանում, թեեւ փաստացիորեն իր վերահսկողության տակ չի գտնվում եւ այդ մասով եթե «չարաճճիությունը» շարունակի, չի բացառվում, որ նոր Աբխազիայի կամ նոր Հարավային Օսեթիայի խնդիրը կբախի արդեն իր դուռը։