Ալիեւը փորձում է հարվածել խաղաղության գործընթ...

Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե մեզ համար, թե Ադրբեջանի համար, մեծ մասն ունեն իրենց պատասխանները: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «խաղաղության պայմանագրի» կնքման հավանականության մասին:

«Ես դեռ անցյալ տարեվերջին ասացի, որ քաղաքական կամքի պարագայում խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել վաղը, բայց մենք իրավիճակի ենք ականատես լինում, երբ օրինակ, հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահն սկսում է  հարվածել այդ գործընթացին: Ալիեւը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին:

Ես տեսել եմ, որ նա նաեւ Խոջալուի հետ կապված է խոսել: Լավ կլիներ՝ պարոն նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է խոսեր, եթե մենք գնում ենք խաղաղության: Պետք է խաղաղություն ցանկացող կողմը նախևառաջ նշի, շեշտի այն բաց տեղերը, որոնք կարող են խանգարել խաղաղությանը, ոչ թե նման բաներից խոսել»,- ասաց նա և հավելեց, որ նման տորպեդահարումն ընդունելի չէ, և Ադրբեջանը նախ պետք է բաց թողնի ռազմագերիներին, նաեւ իր երկրում քաղբանտարկյալներին:

«Նա պետք է հասկանա, որ մենք ունենք մի մարդ, որը նույնիսկ զինվորական չէ, գողացվել է Հայաստան-Ադրբեջան սահմանից, պահվում է այնտեղ, եւ ես մեծ մտահոգություն ունեմ, որը հայտնել եմ բոլոր միջազգային գործընկերներին, որ այդ տղայի՝ Սուջյանի, առողջությանը եւ կյանքին կարող է վտանգ սպառնալ: Որովհետեւ կոնկրետ այդ պարագայում հաշվեհարդար են տեսնում: Խաղաղություն ցանկացողը բանակցությունների զեղանին մի բան է խոսում, հետո տորպեդահարում է: Բայց դա ոչ մի բան չի նշանակում այն առումով, որ Հայաստանը շարունակելու է խաղաղության իր ընտրած ճանապարհը»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը: