
Այդ, այսպես ասած, միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նվաստացումը գրականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառներին:
«Իսկ առհասարակ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ՝ ինքը որտեղ է գտնվում և շարունակ սադրանքներով, նման պահվածքով, իսկ այդ ամենը, բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է: Այսինքն, Ալեն Սիմոնյանը սադրեց hերթական անգամ»,- ասաց նա:
Հարցին՝ Վահե Ղալումյանն ի՞նչ դերակատարություն ունեցավ, նա ասաց. «Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում խորհրդարանում բացի Նիկոլի սանիկ լինելուց, բայց դեռ կպարզենք, կհասկանանք»:
Սաղաթելյանի խոսքով՝ նրանց այս պահվածքը, այս շաբաթվա լարվածությունը, ուրացումը 110-րդ տարելիցի նախօրեին, պայմանավորված է դրանով ու նաև այն հասարակական, քաղաքական, հանրային արձագանքով, որ կա Ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացման քաղաքականությամբ:
«Մենք օրենքի նախագիծը բերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա, իրենք շարունակ ժխտում են և բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել, նույնիսկ մեզ մեղադրել ուրացման մեջ, հետևաբար առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա քաղաքական ուժի ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն։ Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա, այո, պետք է մտնի խորհրդարան և քննարկման առարկա դառնա»,- ասաց նա:
Հարցին՝ վեճի ամենաթեժ պահին տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ՔՊ-ի քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում՝ այ պոռնիկներ, ինչպե՞ս եք նման բան թույլ տալիս, Սաղաթելյանն ասաց. «Գիտեք, դրանք տղամարդկային տարրական բաներ չունեն էլի, մի օր եթե զրկվեն այս պետական պահպանությունից, կտեսնեք ով են իրենք: Հիմա թաքնվելով համազգեստով մարդկանց հետևը՝ տղամարդ ձևանալը ճիշտ չի էլի»:
Ինչ վերաբերում է նրան, որ իրավապահ մարմինների ղեկավարներից կային, Սաղաթելյանն ասաց, թե դրանք ի՞նչ իրավապահ համակարգ:
«Գլխավոր դատախազից սկսած՝ դրանք ի՞նչ իրավապահ համակարգ, դրանք ՔՊ-ի պաշտպանությամբ զբաղվող հակաօրինական, հակասահմանադրական այլևս մարմիններ են»,- ասաց նա։
Հարցին էլ՝ Ցեղասպանության, ժխտումը քրեականացված է, ինչո՞ւ են նոր նածխագիծ բերում, Սաղաթելյանն ասաց. «Ոչ, մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում կոնկրետ դեպքերի համար: Միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն և տարօրինակ է, որ Հայաստանում դա մինչև հիմա չկա։ Իմիջիայլոց, ձեզ ասեմ, նման նախաձեռնությամբ մենք տարիներ առաջ ևս հանդես եկել ենք, բայց այն ժամանակ իրավիճակն ամբողջությամբ այլ էր»: