
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանում այս պահին ընդդիմություն չկա։
Ալեն Սիմոնյանը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ ճեպազրույցում։
«Խորհրդարանում ընդդիմություն չկա։ Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը վստահեցրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ հստակ գիտի, թե որտեղ է գտնվում ու ուր է գնում։ «Իսկ ընդդիմություն Ազգային ժողովում գոյություն չունի։ Արտախորհրդարանական ընդդիմություն, կարծում եմ, կա։ Ես հույս ունեմ, որ գալիք ընտրությունների ժամանակ դրանց մեծ մասը կհայտնվի։ Խորհրդարանից դուրս էլ կան ընդդիմադիր քաղաքական գործիչներ, և ես հույս ունեմ, որ նրանք կհայտնվեն խորհրդարանում, և մենք վերջապես խորհրդարանում ընդդիմություն կունենանք»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նաև կարծիք է հայտնել, որ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը իրենց համար լուրջ մրցակից չէ։ «Այնտեղ քաղաքական ուժ չկա, կա մեծահարուստ մարդ, որը հայտնվել է բանտում, և, ինչպես արվել է տարիներ շարունակ, փորձում է քաղաքական ապաստարան գտնել Ազգային ժողովում»,- ասել է ԱԺ նախագահը։