Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դատախազը ընդդի...

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հնարավոր է մտնի խորհրդարան «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Չեմ բացառում։ Շատ մարդիկ, որոնք ժամանակին օրենքի հետ խնդիր են ունեցել, եւ կարծել են, որ պատգամավորական մանդատն իրենց կարող է պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ»,- նշեց նա։

Սիմոնյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալման մասին տեղեկություններին.

«Արմեն Աշոտյանն ինքն է իր մասին լուրեր տարածում, որ կարեւորի իրեն։ Ես նման խոսակցություն  չեմ լսել։ Իշխանությունը նախապես տեղյակ չի լինում որեւէ քրեական գործից»։

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ընդդիմություն չկա, սակայն առաջիկայում խորհրդարանական ընդդիմության պատկերը կփոխվի։

««Հայաստանը» եւ «Պատիվ ունեմը» այլեւս ընդդիմության դաշտը չեն լրացնելու։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքը մասնատվելու է։ Դաշնակցությունը մեծամասնություն է կազմում արդեն եւ սա Դաշնակցության ունեցած ամենամեծ քանակով ներկայությունն է ԱԺ-ում, իսկ այն անհատները, որոնք միացած են դաշինքին տարբեր ժամանակներում մանդատները դնելու են։ Դաշնակցությունը մեծամասնություն է կազմելու դաշինքում, իսկ Դաշնակցությունն էլ այնքան ձայն չունի, որ ունենա 30 պատգամավոր»,- ընդգծեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ այն պատգամավորները, որոնք կշարունակեն չգալ խորհրդարան, լավ կլինի, որ լքեն այն եւ չզբաղեցնեն այլ պատգամավորի տեղ։