Երբեք չէի պատկերացնի, որ գործընկեր, ինչու չէ նաեւ իմ ընկեր պատգամավորներին կդիմեմ բաց նամակով։ Գուցե շատերն էլ չգիտե՞ն, որ 2015թ-ի ապրիլի 20-ից անազատության մեջ եմ։ Որպես լրագրող՝ նախընտրեցի ոչ թե դիմում ուղարկելու, այլ բաց նամակի անմիջական ձեւը։
Հարգելի կոլեգաներ. ասել ու էլի մեկ անգամ եւս կբարձրաձայնեմ՝ ես չեմ վիճարկում անմեղությունս, սխալ կամ ճիշտ նախաքննությունն ու դատաքննությունը։ Լինելով ազատության մեջ՝ ես ինքս անհրաժեշտության դեպքում կպայքարեմ արդարությունը վերականգնելու համար։ Չեք պատկերացնի, բայց շատ եմ փոխվել, ուղղվել եմ։ Անազատության չորսուկես տարիները շատ բան սովորեցրին ինձ, գիտակցեցի սխալներիս ու սայթաքումներիս պատճառները։ Բայց չեմ հուսահատվում, Աստծո առաջնորդությամբ այս փորձությունն էլ կհաղթահարեմ։
Սիրելի կոլեգաներ Ձեզնից շատերը ծանոթ են ինձ, իմ լրատվական գործունեությանը, լրագրողական հետաքննություններիս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում պատիվ եմ ունեցել աշխատելու Նաիրա Զոհրաբյանի, Վահագն Հովակիմյանի, Վահագն Թեւոսյանի, Հայկ Գեւորգյանի հետ։ Համագործակցել եմ Թագուհի Թովմասյանի խմբագրած «Ժողովուրդ» թերթի եւ Արման Բաբաջանյանի 1in.am կայքի հետ։ Լրագրողական հետաքննական նյութեր եմ պատրաստել Գայանե Աբրահամյանի հետ։ Գործընկերային փոխհարաբերություններ ունեմ Սիսակ Գաբրիելյանի եւ Սրբուհի Գրիգորյանի հետ (Սրբուհին իմ համակուրսեցին է ու նաեւ սյունեցի): Իսկ ում մոռացել եմ՝ կարծում եմ ներող կլինեն։
Հարգարժան լրագրող-պատգամավորներ
Աղբյուրը Առավոտ օրաթերթ



