Airbus A319-ը ներկելու համար անհրաժեշտ է առավ...

Մինչ հանրությունը կանգնած է տնտեսական խնդիրների առաջ, իսկ պետությունը հայտարարում է, որ չի կարող լուծել բոլորի խնդիրները` վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շռայլ ծախսեր իրականացնել։ 

NEWS.am–ը պարզել է, որ կառավարական «Համար մեկ» օդանավի նոր տեսքը  պետության համար արժեցել է ավելի քան 210,000 եվրո (շուրջ 250.000 ԱՄՆ դոլար)։ Խոսքը միայն օդանավի վրա ազգային (դրոշ, զինանշան) և գրանցման նիշերի նշագծման մասին է։ Կառավարական օդանավն այս օգոստոսին ներկել է չեխական International Aerospace Coatings (IAC) ընկերությունը, որը համաշխարհային  առաջատարներից է ինչպես մասնավոր, այնպես էլ կառավարական ինքնաթիռների սպասարկման ոլորտում։ 

Politik.am-ը փորձեց համացանցի բաց աղբյուրներում առկա տեղեկությունների հիման վրա պարզել, արդյո՞ք իրատեսական է ինքնաթիռի արտաքին դիզայնի վրա այդչափ ահռելի գումար ծախսել։

Համացանցի բաց աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ 71 մետր երկարություն ունեցող Boeing 747 կարելի է ներկել 100-200 հազար դոլարով։ Գինը կախված է ընտրված ներկից և ինքնաթիռի դիզայինից։ Ամենաթանկ ներկի և ամենաբարդ դիզայնի դեպքում այն կարելի է ներկել 200 հազար դոլարով (Արևմուտքում)։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը՝ Airbus A319, ընդամենը 34 մետր երկարություն ունի։ Սա Boeing 747 ինքնաթիռից երկու անգամ կարճ է՝ հետևաբար ծախսը պետք է  կրճատել երկու անգամ։ Եվ եթե հաշվի առնենք, այն հանգամանքը, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռի համար օգտագործվել է ամենապարզ դիզայներական լուծումը, որը նաև քիչ ծախստար է,  ապա կարելի է հստակ արձանագրել, որ այս աշխատանքը կարող էր արվել առավելագույնը 70 հազար դոլարի շրջանակում։ 

Ի դեպ մեզ հաջողվեց պարզել, որ ռուսական «Aeroflot» ընկերությունը, որի դիզայնին նման է վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռի դիզայնը, մրցույթի միջոցով ընկերությանը պատկանող Airbus A321-ի (այս ինքնաթիռը Փաշինյանին սպասարկող ինթնաքիռից երկար է 7 մետր) դիզայնի և ներկման համար վճարել է 2 800 000 ռուբլի, որը կազմում է 46 հազար դոլար։