Վարակիչ հիվանդությունների թվի աճի պատճառով աշխարհում դիտվում է հակաբիոտիկների, մասնավորապես՝ պենիցիլինի և ամոքսիցիլինի դեֆիցիտ։ Այս մասին հաղորդում է РИА новости-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դեղամիջոցների մատակարարման և հասանելիության խմբի ղեկավար Լիզա Հեդմանը հայտնել է, որ 35 երկրների 80%-ը, որոնց վերաբերյալ տվյալներ է հավաքում ԱՀԿ-ն, պենիցիլինի շարքի հակաբիոտիկների խիստ պակաս ունի: Հաղորդվում է, որ «Ա» խմբի ստրեպտոկոկով վարակման դեպքերի աճով պայմանավորված՝ նշված շարքի հակաբիոտիկների պակաս է առաջացել, և Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթվանից բժիշկներին թույլ է տվել նշանակել այլընտրանքային հակաբիոտիկներ։
Ամոքսիցիլինի պակաս է դիտվում ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ ԵՄ 27 անդամ պետություններից 25-ը հայտարարել են որոշակի հակաբիոտիկների դեֆիցիտի մասին: Ըստ Հեդմանի՝ աղքատ կամ փոքր երկրներում ստեղծված իրադրության մասին տվյալներն այդքան էլ շատ չեն, բայց այս պետությունները կարող են ավելի շատ տուժած լինել, հատկապես, եթե նրանց արժույթն արժեզրկվել է, և նրանք ստիպված են դեղամիջոցներ գնել բաց շուկայից:
Առողջապահության բնագավառի փորձագետները նշում են, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ հակաբիոտիկների պահանջարկի նվազումը, ինչպես նաև մատակարարումների շղթայի վրա լուրջ ծանրաբեռնվածությունը դեղարտադրողներին ստիպել են կրճատել արտադրության ծավալները:
Սակայն քանի որ շատ երկրներ երկու տարվա ընթացքում առաջին անգամ են ձմեռն անցկացնում առանց սահմանափակումների, մատակարարումների հետ կապված դժվարությունները և նորմատիվային պահանջները դեղագործական ընկերություններին թույլ չեն տալիս մեծացնել արտադրության ծավալները: Դեֆիցիտ առաջացել է նաև այն պատճառով, որ երկրները չէին սպասում, որ սուր շնչառական հիվանդություններն այդքան ծանր հարված կհասցնեն մարդկանց, որոնք արդեն հանել են պաշտպանիչ դիմակները։