ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույց...

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա  ամփոփեց  արտաքին քաղաքական ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական միջոցառումները: Բնականաբար առաջինն անդրադարձավ ԱՄՆ Սենատի որոշմանը։

Ինչպես արդեն հայտնի է, երեկ ԱՄՆ սենատը միաձայն որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունելու վերաբերյալ: Նաղդալյանի խոսքով՝ այս բանաձևի ընդունումն իրապես վճռորոշ քայլ է արդարության, ճշմարտության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ. դա նաև հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը:

«Ավելին, այն էական նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման  օրակարգում: Ցավոք սրտի ցեղասպան գործողությունները և միտումները չեն մնացել պատմության էջերում և անգամ այսօր հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները  դեռևս բախվում են ինքնության հողի հիման վրա իրականացվող բռնությունների: Այս տեսակետից սենատի որոշումը ոչ միայն ոգևորող է, այլև՝ այժմեական: Եվս մեկ անգամ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել սենատի անդամներին, առանձնահատուկ շնորհակալություն նաև ամերիկահայ համայնքային կառույցներին և ամերիկահայ համայնքի անդամներին, ովքեր մշտապես ջանքեր են գործադրել հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգի առաջմղման ուղղությամբ»,- ասաց Աննա Նաղդալյանը: 

ԱԳՆ խոսնակն անդրադարձավ նաև նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցած Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև լրագրողների փոխանակման ծրագրին: Նրա խոսքով՝ ծրագրի համար առաջին նախադրյալները և համատեքստը ձևավորվել էր դեռևս հունվարին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  տեղի ունեցած հանդիպման ժամանակ և մարտին՝ Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածություններով, որոնք վերաբերում էին ժողովուրդների խաղաղության նախապատրաստմանը և խաղաղության համար նպաստավոր միջավայր հաստատելուն: 

«Արդեն ապրիլին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն ուրվագծվեցին լրագրողների փոխանակման ծրագիրն իրականացնելու բոլոր նախադրյալները և կողմերի հանձնառությունն այդ ուղղությամբ, որը նաև ամրագրվել էր համապատասխան հնգակողմ հայտարարության մեջ»,- ասաց Նաղդալյանը:

Նա նաև խոսեց նոյեմբերի վերջին տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստի մասին, որի ընթացքում նախագահությունը կառույցում Ղրղըզստանից անցել է Ռուսաստանին, ընդունվել են մի շարք փաստաթղթեր: «Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ   նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին հավաքական անվտանգության խորհրդի որոշումը վերաբերում է կառույցի գլխավոր քարտուղարի նշանակմանը, նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելու ընթացակարգերի հստակեցմանը», -նշեց խոսնակը:

Նաղդալյանը ներկայացրեց նաև, որ դեկտեմբերի 4-6-ը արտգործնախարարը մասնակցել է Բրատիսլավիայում տեղի ունեցած նախարարական համաժողովին, որի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ, իսկ համաժողովում ունեցած իր ելույթում արտգործնախարարը հանգամանալից ներկայացրել է ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: