ԱԳՆ-ի շենքի դիմաց իրավիճակը լարվեց․ ոստիկանու...

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որտեղ ակցիա են իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, իրավիճակը լարվեց։

Բողոքի ակցիայի ղեկավարները պահանջում էին, որպեսզի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կամ նախարարությունից որևէ մեկը իջնի և հանդիպի իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում էին, որ իրենք են բարձրանալու ԱԳՆ շենք։

Ոստիկանությունը մի քանի անգամ ցուցարարներին հորդորեց զերծ մնալ հակաիրավական գործողություններից՝ զգուշացնելով, որ ԱԳՆ-ն հատուկ պահպանվող տարածք է, որտեղ գործում է հատուկ անցագրային ռեժիմ։

Որոշ ժամանակ անց ցուցարարներն առաջ շարժվեցին՝ փորձելով ճեղքել ԱԳՆ-ի դիմաց տեղակայված ոստիկանական պատը, ինչից հետո ոստիկանությունը գործողություններ սկսեց։

Ոստիկանությունը մի խումբ ցուցարարների բերման ենթարկեց։

ԱԳՆ-ի շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։