Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարու...

Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի 1000-ից ավելի աշխատակից երկար ժամանակ է, ինչ գործադուլ է հայտարարել։

«Բնակիչները գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները, սոցիալական խնդիրներ են առաջ բերում։ Կառավարությանն առաջարկում եմ հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

Նա տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում է մեկնել Մեղրի և մոտիկից ծանոթանալ խնդրին, փորձել լուծում տալ դրանց։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկացրեց, որ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը խախտել է աշխատողների իրավունքները, աշխատեցրել լրացուցիչ, բայց դրա դիմաց չի վճարել։  Ավելին` գործարանի շահագործման հետևանքով հարակից տներին մեծ վնասներ են հասցվել։

«Ես խնդրին ծանոթ եմ նաև որպես տարածքից ընտրված պատգամավոր։  Այո, Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով բնակիչների հարակից տները հսկայական վնաս են կրել և որևէ կերպ չի փոխհատուցվել։ Բացի այդ, մարդկանց շահագործել են աշխատաժամանակից դուրս և որևէ ձև չեն վարձատրվել։ Իմ դիմումի համաձայն, գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել»,- ասաց նա: