Հունիսի 1-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց`կտրականապես դատապարտելով իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը:
Դիտարկելով Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները համաձայնել են հանդիպել, Politik.am-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե նման իրավիճակում ինչը պետք է առանցքային լինի այդ հանդիպմանը.
«Հայկական կողմը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը և պնդի, որ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները անվերապահորեն կատարվեն, ինչպես որ նշված էր մեր Արտգործնախարարության հայտարարության մեջ: Այսինքն` սա պետք է հանգեցնի արտգործնախարարների հանդիպան օրակարգի փոփոխության: Առաջին հերթին մենք պետք է պնդենք, որ մշտադիտարկումների մեխանիզմները շատ ավելի առարկայական ձևով սահմանվեն, և ընդլայնվեն ԵԱՀԿ նախագահի գրասենյակի լիազորությունները, հակառակ դեպքում` հասկանալի է, որ բանակցությունները արդյունավետ ընթացք ունենալ չեն կարող: Կարծում եմ` այս փոփոխությունները պետք է լինեն բանակցային գործընթացի օրակարգում»:
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանական պատգամավորի կոչին` հաշվեհարդար տեսնել ՀՀ վարչապետի և ՊՆ ղեկավարից, քաղաքագետից հետաքրքրվեցինք` արդյոք սա չպետք է միջազգային հարթակներում համապատասխան արձագանք ստանա` հաշվի առնելով նաև մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչը.
«Իհարկե, մենք պետք է պատասխան ակնկալենք: Երկու տարբերակ կա` կամ մենք ճիշտ նույնպիսի կամ ավելի ագրեսիվ հայտարարություններ պետք է անենք նրանց պաշտպանության նախարարի և նախագահի հասցեին, կամ` Արդրբեջանի հետ չպետք է խոսել, այլ միջնորդների, որոնց էլ պետք է ներկայացնենք մեր դիտարկումները` պահնաջելով «տեղը դնել» ադրբեջանական կողմին: Մեզ համար նման հայտարությունը նորություն չէ, մենք գիտենք նրանց նպատակներն ու ագրեսիվ բնույթը: Միջազգային կառույցներն են, որ պետք է շատ խիստ գնահատական տան սրան և դա անթույլատևրելի համարեն: Այս հարցում, կարծում եմ, ՀՀ և Արցախի արտգործնախարարությունները շատ լուրջ անելիքներ ունեն»:
Հարցին, թե նման քայլերը չեն զրոյացնում բանակցային գործընթացում դրական փոփոխության կամ լուծման հասնելու ակնկալիքները, քաղաքագետը պատասխանեց.
«Մենք ընդամենը այդպիսի ակնկալիքներ ունեինք, չնայած հասնանալի էր, թե ով է մեր հակառակորդը և որ նրանք չեն փոխվելու: Եթե ինչ-որ շրջանակներ էլ նման պատրանքներ ունեին, այս հայտարաությունից հետո պետք է ավելի իրատեսորեն գնահատեն իրավիճակը: Մենք էլի պետք է փորձենք տեղ հասցնել այն միտքը, որ խնդիրը ունի միայն խաղաղ լուծում`գիտակցելով, որ դիմացինը հասկանում է միայն ուժի լեզուն, և նրանք խախաղ բանակցությունների կգնան միայն այն դեպքում, երբ վստահ լինեն, որ ռազմական ճանապարհով խնդիրը չեն կարող լուծել: Սա է, որ մենք պետք է ամեն օր ամեն ժամ ապացուցենք Ադրբեջանին»:



