
«Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն ծանոթ իրադարձություններ»,-ԱԺ-ում Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ մարդիկ սպանվեցին, կտտանքների, հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին:«Օրեր անց Հայաստանի Գերագույն խորհուրդն արձանագրեց, որ Բաքվի դեպքերը Խորհրդային Ադրբեջանի կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսեւորում էին: Ճակատագրի հեգնանքով, այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էր միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաեւ 1905-ին և 1918-ին:
1990-ի այս ջարդերից շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում եւ Կիրովաբադ-Գանձակում: Բաքվի ջարդերից կարճ ժամանակ անց ջարդեր սկսվեցին նաեւ Մարաղայում և այլուր: Հայատյացության այս քաղաքականությունն իր դրսևորումներն ունեցավ նաև 21-րդ դարում: Ադրբեջանի իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին: 2016 թվականին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք:
Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչև այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ամբողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի:
Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատևհակահայ քաղաքականության մի մասն էին միայն: Դրան նախորդել էին դեռեւս 1980-ականներից սկսած հստակ կազմակերպված քայլերը, առավելապես սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները եւ հեռանալ Բաքվից, որի արդյունքում արդեն իսկ այդ պահի դրությամբ էականորեն նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը:
Հատկանշական է, որ այսօր Ադրբեջանի իշխանությունները նույն ձեռագիրն են որդեգրել արդեն Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ես ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարի վերջին»,-հավելեց նա: