Շատ մտահոգիչ է, որ սահմանազատումը հատվածական է արվում, եւ ինչ սկզբունքով է որոշվել, որ այն սկսվում է Տավուշից. Ո՞րն է լինելու հաջորդ հատվածը եւ այս մասով լ;ուրջ վտանգներ կան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը
«Իմ և մեր հասարակության մեծ մասի մոտ մտավախություն կա, որ Ադրբեջանն իր ուզած հատվածներում անելու է սահմանազատում, ստանալու է իր ուզածը ինչպես եղավ Տավուշում և ընդհանուր գործընթացը հնարավոր է ավարտին չհասնի։ Ինչն է խանգարում համաձայնեցնել մի սկզբունք, որով սահմանի ամբողջ երկայնքով՝ քարտեզի վրա պայմանավորվածություններ կլինեն, հետո միայն ամեն բան համաձայնեցնելուց հետո կլինեն կոնկրետ աշխատանքները հողի վրա։ Արդյոք սա չէր զսպի այն վտանգները, որ Ադրբեջանը կեսից կարող է հետ քաշվել գործընթացից և Հայաստանը մնա անհասկանալի վիճակում»,-ասաց նա:
Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ համաձայն չէ գնահատականին, որ սահմանազատման համար հիմքեր չկային. «Հիմքեր կային, եւ 1976 թվականի ԽՍՀՄ ԳՇ քարտեզը լրիվ ամփոփ է, եւ իրավական շղթան կառուցված է»:
Ինչ վերաբերում է հատվածական սահմանազատմանը. Մհեր Գրիգորյանն ասաց. «Կանոնակարգում հստակ գրված է, որ վերջում պայմանագիր ստորագրելուց դրան կից պետք է լինի միասնական արձանագրություն, նկարագրություն, որը նկարագրում է Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանը։ Այսինքն, ես չեմ բացառում, որ կան հիմքեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատվածը կլինի իրավաբանորեն ձևակերպված սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու պայմանագրում դա չի կլանվի։ Պայմանագրին կից լինելու է մեծ արձանագրություն – նկարագրությունը, որը բոլոր հատվածները նկարագրելու է։ Սա է մեխանիզմը։ Եթե մի հատվածում ավարտենք, գնանք մյուս հատվածին, հետո կողմերից մեկը կարող է փոշմանել ու վերադառնալ նախորդ հատվածին ու դա կլինի քաոտիկ պրոցես։ Հատվածական ասելով, դա ավելի շատ պրոցեդուրալ, աշխատանքային պրոցեսին է վերաբերում, քան սահմանի ձևակերպմանը»։
Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Հատվածականի դեպքում արված պրոցեսների արդյունքում, փաստորեն, հողի վրա սահմանը փոխվելու է, ինչպես եղավ Տավուշում: Ես օդից չեմ խոսում, ես հիմա եմ ընդունում այն, ինչն արվել է Տավուշում: Այսինքն այդ պրոցեսների արդյունքում ադրբեջանցի զինվորը, ինչպես Տավուշում էր, գալու է ու կանգնի՝ մինչև վերջնական համաձայնեցում։
Վերջում ինչ կստորագրվի, թե չի ստորագրվի, փաստացի մենք զիջելու ենք կոնկրետ հատվածում։ Վերջնական թուղթ ստորագրելը վտանգը չի զսպում, որովհետև ադրբեջանցիները գալու են և կանգնելու են այդ դիրքերում և այնտեղերում, որտեղ մենք ունենք ակնկալիք, որ իրենք դուրս են գալու, իրենք ամենայն հավանականությամբ՝ դուրս չեն գալու»։