Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան դժգոհություն են հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի՝ իրենց բնութագրմամբ «սադրիչ» գործողությունների առնչությամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեսպանին տեղեկացրել են նաև, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», քանի որ նրանք, իբր, դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թ.-ի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեություն են ծավալել: Նրանք պետք է Ադրբեջանի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտնել էին վեց քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք ծրագրում Էին զինված անկարգություններ կազմակերպել երկրում՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ձերբակալվածները, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում և բազմամարդ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել Իրանի և կրոնական արմատականության օգտին, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները։