Ադրբեջանից գերի վերցված երրորդ վարձկան ահաբեկիչն է արդեն հարցաքննվել Հայաստանում, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա անդրադարձավ հարցին, թե միջազգային իրավունքի առումով սա Հայաստանին ի՞նչ է տալիս, ինչպե՞ս կարող է երկիրն օգտագործել այս փաստերը։
«Նախ երեք անձի ցուցմունքն արդեն քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույց է։ Բացի այդ ապացույցներից, բազմաթիվ այլ տեղեկություններ կան, երեք պետության ղեկավարներ կամ արտաքին գործերի ոլորտը համակարգողներ ընդունել են սիրիացի վարձկանների առկայությունը հակամարտության գոտում։ Եվ սա կարող է առաջացնել տարբեր հետևանքներ։ Նախ, բազմաթիվ կոնվենցիաներով, այդ թվում՝ վարձկանների հավաքագրմանն ու ֆինանսավորմանը վերաբերող կոնվենցիաներով նախատեսված են որոշակի ընթացակարգեր։ Օրինակ՝ այն պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը, բնականաբար, իրենք ունեն պարտականություններ ֆինանսական թափանցիկության, նման երևույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման մասով։
Այսինքն՝ ունենալով նման պարտականություններ՝ պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, եթե հանկարծ պարզվի, իսկ դա արդեն պարզվել է, որ դեռ մի բան էլ պետությունն ինքն է ֆինանսավորել ահաբեկչությունը կամ զինել վարձկաններ և տեղափոխել հակամարտության գոտի, ուղղել ինքնորոշման իրավունքի համար պայքարող բնակչության դեմ, դա բավական լուրջ հետևանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակներում։ Եվ կառավարությունում բոլոր իրավական հնարավոր պրոցեսները բավական մանրամասն քննարկվում են»,- ասաց նախարարը։
Ըստ Բադասյանի՝ եթե բավարար հիմքեր լինեն ու պահը գա, որ Հայաստանը որևէ սանկցիայի կիրառման կամ դատական ատյանի դիմի, հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի։



