Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն և հատուկ ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը այս գործընթացում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իլհամ Ալիևն այս մասին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը։
Ալիևը նշել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված վաշինգտոնյան հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ դիմումը՝ լուծարելու Մինսկի խումբը, կարևոր քայլեր են, որոնք ձեռնարկվել են խաղաղության գործընթացում։
Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի կետերից մեկով նշվում է. «Մենք ականատես եղանք նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրմանը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը»։



