Առաջարկել են, ես էլ համաձայնվել եմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վայոց ձորի մարզպետ նշանակվելուն, ասաց Վահագն Արսենյանը։
Հիշեցնենք, որ մինչև այդ, նա զբաղեցնում էր Ջերմուկի քաղաքապետի պաշտոնը։
Արսենյանը նաև ավելացրեց, որ նախկին մարզպետի հետ շատ լավ հարաբերություններ ունի։
Իսկ հարցին՝ թե նախկին մարզպետն ինչո՞վ չի գոհացրել կառավարությանը՝ Արսենյանը պատասխանեց.«Ես ի՞նչ իմանամ, ի՞նձ եք հարցնում։ Ինձ որպես համայնքապետ շատ գոհացրել է և ես նախկին մարզպետի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեմ»։
Լրագրողները հիշեցրեցին, որ իր հայրը ՀՀԿ-ից է եղել, իսկ ինքն արդեն 4 տարի է՝ ՔՊ-ի հետ ճանապարհ է անցնում, արդյո՞ք այդտեղ դիսոնանս չկա․«Ես երբեք կուսակցական չեմ եղել, սակայն ունեմ իմ քաղաքական հայացքները։ Ոչ մի դիսոնանս չեմ տեսնում»։
Արսենյանը նաև հավելեց, որ և ինքը, և իր հայրը կիսում են ՔՊ-ի հայացքները և կարծում է, որ սահմանազատմամբ կկարողանան ազատագրել Ջերմուկի օկուպացված տարածքները»։



