«Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ ադրբեջանցի՝ հայախոս, ովքեր ունեն հայկական անձնագրեր: Այդ 8-ից 3-ն այս պահին բնակվում են Ղազախստանի Ալմաթա քաղաքում, իսկ 5 հոգի՝ Ղրղըզստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ հոկտեմբերի կեսերին իր էթնիկ չեչեն ընկերների հետ գտնվել են մի վայրում, որտեղ եղել են նաև այդ չեչենների ադրբեջանցի ընկերները.
«Իրենք տեղյակ չէին, որ ես հայ եմ, մտածում էին, որ ես էլ եմ չեչեն, և, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նաև էյֆորիայի մեջ էին, քանի որ այդ ժամանակ իրենց համար պարզ էր, որ հաղթում են, սկսեցին ինձ պատմել, որ ունեն հայկական անձնագրեր, որ վաղուց արդեն պատերազմը կանխորոշված է եղել: Ես չեմ հավատացել, որ իրենք ունեն հայկական անձնագրեր, այդ անձին, որ դա ասել է, խնդրել եմ ցույց տալ իր հայկական անձնագիրը, և նա ինձ ցույց տվեց: Ես տեսա, որ հայկական տվյալներ են նշված, հայկական անձնագիր է, չեմ կարծում, թե կեղծ էր: Դրանից հետո հարցրի՝ որտեղի՞ց ձեզ մոտ այս անձնագիրը, նա ինձ ասաց, որ իրենք ունեն շատ մեծ հնարավորություններ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես՝ 2018թ., այսպես կոչված, հեղափոխությունից, բայց իրականում պետական հեղաշրջումից հետո, և բավականին մեծ ազդեցություն ունեն Հայաստանում, հատկապես՝ բարձրաստիճան քաղաքական որոշ գործիչներ, ովքեր որոշ տվյալներ են հանձնում ադրբեջանական կողմին: Ես հարցրի՝ ո՞նց եք ստանում այդ անձնագրերը, նա պատասխանեց, որ այս հարցում իրենց օգնում է ՀՀ ԱԱԾ տնօրեն ոմն Քյարամովը:



