Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին օգնության է...

Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական քարոզչամիջոցները հերթական անգամ բացահայտել են մի իրողություն, որը Հայաստանում վաղուց է նկատվում․ Բաքվին ամենից շատ անհանգստացնում է ոչ թե գործող իշխանությունը, այլ այն քաղաքական ուժերը, որոնք չեն հրաժարվում հայկական ազգային օրակարգից։

Վերջին հրապարակումներից մեկում ադրբեջանցի վերլուծաբանը խաղաղության գործընթացի գլխավոր խոչընդոտ է անվանում Հայաստանի ընդդիմությանը՝ մեղադրելով նրան «ռևանշիզմի», «նախկին կարգավիճակը վերականգնելու ցանկության» և տարածաշրջանային ինտեգրմանը խանգարելու մեջ։ Սակայն հոդվածի տողատակերում կարդացվում է բոլորովին այլ մտահոգություն։

Ադրբեջանին անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերի զգալի մասը չի հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։ Ի տարբերություն գործող իշխանության, որը փաստացի փակել է Արցախի հարցը և հրաժարվել է արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանության քաղաքականությունից, ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ավելի քան 100 հազար արցախցիների հայրենիք վերադառնալու իրավունքը չի կարող ջնջվել որևէ քաղաքական որոշմամբ։

Բաքուն շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի քաղաքական օրակարգում պահպանվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, ապա միջազգային հարթակներում շարունակվելու են քննարկումները էթնիկ զտման, բռնի տեղահանության և արցախահայության իրավունքների վերաբերյալ։ Այդ պատճառով էլ ադրբեջանական քարոզչությունը փորձում է վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր հիշեցնում են այդ թեմայի մասին։

Հատկանշական է նաև, որ ադրբեջանական հեղինակները հատուկ թիրախավորում են այն հայ քաղաքական գործիչներին, որոնք պահանջում են Բաքվի բանտերում պահվող հայերի ազատ արձակում։ Եթե այդ պահանջները, ինչպես պնդում են ադրբեջանական քարոզիչները, որևէ նշանակություն չունեն, ապա ինչո՞ւ են դրանք այդքան անհանգստացնում Բաքվին։ Պատասխանը պարզ է․ Ադրբեջանը ցանկանում է, որ հայկական քաղաքական դաշտում այլևս չլինեն ուժեր, որոնք կբարձրաձայնեն ռազմագերիների, պատանդների, արցախահայության և ազգային իրավունքների թեմաները։

Առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Ադրբեջանական հրապարակումները գրեթե ամբողջությամբ համընկնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից տարիներ շարունակ հնչեցվող թեզերի հետ։ «Ռևանշիզմ», «խաղաղության թշնամիներ», «նախկինների վերադարձ», «խաղաղության խոչընդոտներ»՝ այս բառապաշարը վաղուց դարձել է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի գործող իշխանությունների քաղաքական բառարանը։

Ստացվում է տարօրինակ պատկեր․ երբ հայկական ընդդիմությունը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքներից, դա քննադատվում է միաժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի, թե՛ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից։ Իսկ երբ ընդդիմությունը բարձրացնում է Բաքվի բանտերում պահվող հայերի հարցը, կրկին հայտնվում է երկու կողմերի համատեղ թիրախում։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանին ձեռնտու է այն քաղաքական իրականությունը, որտեղ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է ազգային պահանջներից, իսկ ընդդիմությունը ներկայացվում է որպես «խաղաղության թշնամի»։ Հետևաբար, երբ ադրբեջանական հեղինակները հերթական անգամ հարձակվում են Հայաստանի ընդդիմության վրա, պետք է հասկանալ՝ նրանց իրական անհանգստությունը ոչ թե խաղաղությունն է, այլ այն, որ Հայաստանում դեռ կան քաղաքական ուժեր, որոնք չեն հրաժարվել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից, հայ գերիների ազատ արձակման պահանջից և հայկական ազգային շահերի պաշտպանությունից։