Հուլիսի 27-ին ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրում, որին մասնակից է եղել բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանը:
Politik.am-ի հետ զրույցում ներկայացնելով միջադեպի մանրամասները՝ Սամվելյանը նշում է, որ այն ծագել է անհիմն պատճառով: «Գյուղի տներից մեկի տերն է Սյուզաննա Վ.-ն, ով դիմել է ոստիկանություն: Նա ինձ դիմել էր՝ ասելով, թե գողություն է կատարվել: Ես ուսումնասիրել եմ տարածքը և տեսել, որ այնտեղ ոչինչ չի պակասում, և այդ մասին տեղեկացրել եմ իրեն: Հետո չի հավատացել, ու վիճաբանություն է սկսվել իր ու եղբոր հետ»,-ասում է Համբարձում Սամվելյանը:
Վերջինս, սակայն, իր խոսքով՝ հիմնավոր կասկածներ ունի, որ այս միջադեպը նախապես մտածված սադրանք է իր անձի դեմ: «Գյուղում մի քանիսը կան, որոնք ցանկանում են նստել իմ աթոռին, դառնալ բնակավայրի վարչական ղեկավար: Օրը մի բան սարքում են»,-նշում է նա՝ ավելացնելով, թե նշված անձինք վերջին շրջանում սադրանքներ են անում, նաև տարատեսակ սուտ նամակներ են ուղարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Նշենք, որ Համբարձում Սամվելյանը 20 տարի է՝ ղեկավարում է Գողթանիկը: Մինչ համայնքի խոշորացումն ու Գողթանիկի՝ Եղեգիս համայնքի բնակավայր դառնալը եղել է Գողթանիկի համայնքապետ, ապա դարձել Գողթանիկ բնակավայրի վարչական ղեկավար:



